Մենք բացում ենք փողոցը, բայց թող ոչ մի կառույց մեզ դեմ չկանգնի

29

ՀՀ Կառավարության շենքի հարակից տարածքում խաչմերուկը փակած անհետ կորած զինծառայողների հարազատների մեքենաները ոստիկանությունը փորձում էր հեռացնել։ Քաղաքացիներից մեկը վերցրեց էվակուատորի բանալիները, չհանձնեց այն այնքան ժամանակ, մինչև որ մեքենաները տարածքից հեռացվեցին։

Զինծառայողների հարազատները նշում են՝ կառավարությունը երեխաներին փնտրելու համար ոչ մի աշխատանք չի իրականացնում, իսկ իրենց դժգոհության ալիքը զսպելու էին եկել ոստիկանական մեծ ուժեր։ Զինծառայողների հարազատներն էլ հայտարարեցին՝ բացում են փողոցը՝ երթևեկությունը կաթվածահար չանելու համար։

«Մենք բացում ենք փողոցը, բայց թող ոչ մի կառույց մեզ դեմ չկանգնի։ Հարգում ենք մեր Արսենի մորը, որը մի քիչ լավ չի զգում, ուզում է որդին իր հետ տուն գնա, որովհետև սգում է թոռան կորուստը։ Ուզում ենք ամեն ինչ գրագետ ձևով անել ու չազդել մեր մայրերի էմոցիաների վրա։ Մեր մակարդակի ու խղճի առաջ մաքուր ենք մնում։ Հայ ազգին էլ կոչ ենք անում սթափվեն։ Մենք մեր երեխեքին ենք ուզում, քաղաքական չի՝ կքաղաքականացնենք։ Մեզ պետք են մեր սերունդներն ու ժառանգները»,- հայտարարեց անհետ կորած զինվորի հարազատը։

Արդեն մեկ ժամից ավելի անհետ կորած զինծառայողների հարազատները  փակել են Հանրապետության Հրապարակ տանող փողոցը։ Նրանք հայտարարում են,  որ չեն բացելու այնքան ժամանակ, մինչև նրանց հստակ պատասխան չտան։