222 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները», – ասված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51065 մարդ:
ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթյունավտանգ առարկա։
Նշվում է, որ խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:














