Մայիսի 2-ից առ այսօր որևէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի արգելքի պատճառով

35
Դադիվանք

Մայիսի 2-ից առ այսօր որևէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի դրած սահմանափակումների պատճառով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է այս պահին Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը:

«Չգիտեմ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի, բայց լիահույս եմ, որ որոշակի լուծում կլինի: Կաթողիկոսը այս առումով աշխատանքներ է տանում և տեսնենք` ինչ կլինի», – ասել է նա:

Հոգևոր սպասավորը նշել է, որ իրենք այս պահին լիարժեք մեկուսացման մեջ են գտնվում, չորս կողմից ադրբեջանցի զինծառայողներ են` բավական մեծ քանակությամբ, եկեղեցին, սակայն, հսկվում է ռուս խաղաղապահների կողմից:

«Չնայած այս ամենին, բացարձակ վախ չկա: Եկեղեցին կանգուն է, որևէ բան չի եղել, մենք մեր կյանքի գնով կանգնած ենք, փորձում ենք ընկած քարը բարձրացնենք և չթողնենք, որ քանդեն: Ե՛վ ֆիզիկապես, և հոգեպես է մեր զոհողությունն այս պահին և հուսամ` ապարդյուն չի անցնի: Մի քանի անգամ ուդիներ են եկել, ուխտագնացություն են կատարել, ինչ-որ հոգևոր արարողություններ են իրականացրել, ու հետ են գնացել»,- պատմել է  է նա: