Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմը փաստում է էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին. ՄԻՊ

35

Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի մասին ՀՀ ՄԻՊ-ը կներկայացնի  միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն,- Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար):

Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Տեսանյութում նրանք ասում են հետևյալը.

Մինչև եկեղեցի մուտք գործելը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց հետո. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»,- ֆեյսբուքում նշել է նա՝ կցելով տեսանյութը: