Մարտի դաշտում վիրավորված ազատամարտիկների վարկային պարտավորությունները կներվեն

8
Զինվոր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Առաջին օրինագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծած և այնուհետև հումանիտար, ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ:

«Երկրորդ նախագծով բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն կընձեռվի առանց հարկային հետևանքների ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները»: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, հավելելով որ՝ «Այդ դեպքում վարկային պարտավորություն ասելով նկատի են առնվել ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»։

Ըստ փոխնախարարի, հնարավորություն է ընձեռվում առանց վարկային հետևանքների ներել հենց մարտական գործողություններին մասնակցած զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլ նաև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապ ունեցողների՝ համատեղությամբ ապրող ծնողների, ամուսնու և համատեղությամբ ապրող զավակների վարկային պարտավորությունները։

Երկրորդ ընթերցումն կկազմակերպվի օրվա ընթացքում։