Մարդիկ այնտեղ կանգնած մարտնչում էին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշիի անառիկ ամրոցը. Սոլովյով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան ալիքում հեռարձակվող Соловьев Live հաղորդման ժամանակ անդրադարձել է ամրոց-բերդաքաղաք Շուշիի կորստին:

Սոլովյովը հյուրընկալել է ANNA News-ի զինթղթակից Ալեքսանդր Խարչենկոյին, որը ֆիլմ էր պատրաստել Շուշիում կռվողների մասին: «Այդ մարդիկ այնտեղ կանգնած մարտնչում էին, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեցին, որ այդ մարդիկ գոյություն չունեն, իսկ անառիկ ամրոց Շուշին հանձնեցին»»- հաղորդման սկզբում նշել է Սոլովյովը:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Շուշին չի պատրաստվել պաշտպանության: Ով եղել է Շուշիում, լավ պատկերացնում է, որ քաղաքը տեղակայված է հսկա ժայռի գագաթին, այսինքն՝ երեք կողմից պաշտպանված է ժայռերով: Ցանկության դեպքում, եթե նման հրաման լիներ, հայ զինվորականները կկարողանային պաշտպանություն կազմակերպել: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել»,- նշում է Խարչենկոն:

Վերջինս հավելել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել է կատարել Արցախը գրավելու իրենց ծրագրի միայն առաջին մասը՝ ստանալով Շուշին, սակայն չի հաջողվել գրավել Ստեփանակերտի շուրջ գտնվող 7 բարձունքները, որոնք անկոտրում պահել են աշխարհազորայինները, կամավորականները և մոբիլիզացված պահեստազորայինները: