Մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքների ընթացքում երկու հրշեջ ծխահարվել է: «Փաստինֆո»-ին տեղեկությունը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։ Հրշեջներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Նրանց վիճակը գնահատվում է նորմալ:
«Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Երկու փրկարարի վիճակն էլ գնահատվում է նորմալ: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, երբ իրենց վիճակը լավ է լինում, իրենք հիվանդանոց չեն գնում»,–ասաց Բաղդասարյանը։
Նշենք, որ ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Պարզվել է, որ տվյալ հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։ Դեպքի վայրում 6000 Վտ հզորությամբ 30 մալուխներ կան։
Ծխահեռացման աշխատանքները դեռ շարունակվում են: Այժմ դեպքի վայրում 6 մարտական հաշվարկ է աշխատում։














