«Կրեկեր ուտող զինվորը» վիրավորվել է

418
Կրեկեր ուտող զինվորը

Առաջնագծի հերոսներից մեկը` «կրեկեր ուտող զինվորը», հրազենային վիրավորում է ստացել, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Նա «Թիվ 1»-ին պատմել է առաջնագծում ունեցած զգացողությունների մասին. վստահեցնում է, որ օրերն է հաշվում, թե երբ է ապաքինվելու, որ վերադառնա ծառայակից ընկերների մոտ` ռազմաճակատ:

Ո՞վ է «կրեկեր ուտող զինվորը»

«Կրեկեր ուտող զինվորը» շարքային Գեորգի Մելքոնյանն է, որը համացանցում հայտնի էր դարձել իր տեսանյութով, որում կրեկեր էր ուտում՝ գլխավերևով անցնող արկերի սուլոցի ու պայթյունի տակ։ Այժմ նա ապաքինվում է հրազենային վնասվածքից: Մյուս եղբայրն էլ է առաջնագծում։ Առաջնագծում բոլորն են իր եղբայրը։

Ինչ վերաբերում է հայտնի տեսանյութին, Գեորգին անկեղծանում է՝ ինքն էլ չէր ակնկալում, որ ծնողին ուղղված իր այդ տեսանյութը նման տարածում կգտնի համացանցում։ Այդուհանդերձ, ուրախ է, որ մորը հասցեագրված ուղերձը հասանելի եղավ նաև հանրության լայն շրջանակին։

-Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ սահմանին կանգնած տղերքը մի վայրկյան անգամ չեն վախենում, շատ ուժեղ են, խիզախ, ու հենց այդ ուժն ու խիզախությունն է, որ… Գիտե՞ք, մեզ համար շատ են աղոթում, շա՜տ-շատ: Ու հենց այդ աղոթքներն են նաեւ մեզ էնտեղ պահում: Մեզ այնքան են գրում, այնքան են բարի խոսքեր ասում: Երբ հնարավոր էր լինում, ու զանգում էի տուն, կողքից լսում էի հարևանների օրհնանքներն ու բարեմաղթանքները, զգում այն ուրախությունը, որ ապրում են, իմանալով, որ լավ ենք… Դա մեզ անասելի ուժ էր տալիս: Հավատացե՛ք, այդ ուրախությունը, սերը, որ ուղղվում է սահման, անմիջապես մեզ է փոխանցվում, պահում է մեզ:

«Մեզ համար շատ-շատ են աղոթում։ Հենց էդ աղոթքներն են, որ մեզ էսքան պահում են», – ասում է Գեորգին ու նկատում՝ լավ ու բարի խոսքերը զինվորին ուժ են տալիս։

«Քո տունը սկսվում է սահմանից, եթե մենք չպաշտպանենք սահմանը, թշնամին մի օր էլ մեր տունը կվերցնի, կսպանի մեզ ու մեր էրեխեքին: Դրա համար մենք պետք է կանգուն պաշտպանենք մեր սահմանն ու չթողնենք ոչ մի թշնամի հանկարծ մեր սահմանից ներս անցնի։ Մենք պետք է մինչև վերջ գնանք, պետք է հաղթենք։ Ամբողջ հոգով ու սրտով հավատում եմ, որ մենք հաղթելու ենք», – վստահեցնում է զինվորը։

Ազատ Ձայն լրատվականը շարունակում է ներկայացնել ռազմաճակատի վերջին նորությունները: