ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Հայկական ջարդեր» խորագիրը կփոխարինի «Հայոց ցեղասպանություն» խորագրով

42

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի որոշմամբ «Հայկական ջարդեր» խորագրի տակ գտնվող գրքերը և այլ նյութերն այսուհետ կդասակարգվեն «Հայոց ցեղասպանություն» խորագրի տակ։ Armenian Weekly պարբերականի փոխանցմամբ՝ Կոնգրեսի գրադարանը նման որոշում է ընդունել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մի քանի կոնգրեսականների կողմից մեկնարկած արշավի արդյունքում։

«Կոնգրեսի գրադարանի կողմից այս վաղուց սպասված շտկումը տեղի է ունենում ամերիկահայերի համար շատ կարևոր պահի։ Մենք այսօր տեսնում ենք ցավալի, իրական հետևանքներն այն բանի, որ ԱՄՆ ղեկավարները Թուրքիային թույլ են տվել ճնշել մեր երկիրը Հայոց ցեղասպանության հարցում մեկ դար լռությամբ։ Անգամ այսօր, երբ Անկարան և Բաքուն բացահայտորեն ձգտում են ավարտին հասցնել հայերի հայրենիքի կործանումը, մեր կառավարությունը չափից շատ վախենում է Էրդողանին և Ալիևին ճշմարտությունն ասել: Սա պետք է ավարտվի», – ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Հոդվածում նշվում է նաև, որ Կոնգրեսի գրադարանին նման փոփոխություն կատարելու կոչով նամակներ են ուղղել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Դինա Տիտուսը, Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սպեյերը և սենատոր Բոբ Մենենդեսը։

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը նույնպես մեծ դերակատարում է ունեցել այս փոփոխության մեջ՝ պաշտոնական դիմում ուղարկելով Կոնգրեսի գրադարանին անցյալ ամիս։

Կոնգրեսականները ողջունել են Կոնգրեսի գրադարանի ընդունած որոշումը՝ նշելով, որ «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը ցույց է տալիս պատմության իրական պատկերը։