Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

114

Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական հիշատակի միջոցառում անցկացնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել 2010 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին Ստամբուլում Ցեղասպանության հիշատակի միջոցառումների կազմակերպումն իրականացրած «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակ»-ը։

Հայտարարության մեջ կազմակերպիչները հիշեցրել են, որ ավելի քան տասը տարի իրենք առանց որևէ արգելքի կարողացել են Ստամբուլի հրապարակներում ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Վերջին երկու տարիներին հիշատակի միջոցառումները, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, առցանց էին իրականացվում։

«Այս տարի միջոցառումները կրկին հրապարակներում անցկացնելու նպատակով դիմել էինք Ստամբուլի նահանգապետարան։ Մեր դիմումին, որում նշել էինք, որ ոգեկոչելու ենք ապրիլի 24-ի զոհերի հիշատակը, նահանգապետարանից պատասխանել են, որ «նպատակահարմար չեն գտնում» և արգելել են այն։ Ուզում ենք հարց ուղղել նահանգապետարանին՝ ի՞նչ է փոխվել։ Կոչ ենք անում վերանայել արգելանքի այդ որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։