«Կինս դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված ստացավ ու մահացավ». անհայտ կորած զինծառայողի հայրն անակնկալի է եկել, որդուն հուղարկավորել են, չի իմացել․ Առավոտ

794

Aravot.am-ը գրում է․

Այսօր կառավարության առաջ բողոքի ցույց էր անում նաեւ անհայտ կորած զինծառայողի ծնող Գեւորգ Արաբաչյանը: Նա եկել էր Իջեւանից, պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Ասում է, որդին երկու տարի է`չկա, բայց մի օր պարզել է, որ նրան արդեն հուղարկավորել են:

Վիրավորված է՝ կառավարությունից ոչ ընդունում են, ոչ՝ լսում: Ասում է՝ չի հավատում, որ իր որդուն են հուղարկավորել, նրան հասանելիք գումարն էլ իբր աներձագի անունով հատկացրել են:

«Նիկոլ Փաշինյանը պետք է ինձ հանդիպի, մեղավորներին բերի իմ առաջ կանգնեցնի: Հե՞շտ է, ասում են երեխադ հուղարկավորված է, ո՞ւր եք եկել այստեղ: Տասը դիակ են ցույց տալիս: Կոմպյուտերով նայում ենք, գրված է, որ Ազատամուտ գյուղում հուղարկավորված է, անգամ հետմահու մեդալ են ուղարկել, բայց ես չեմ վերցրել»:

Նրա խոսքով, կինը դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված է ստացել ու մահացել, անչափահաս երեխան մնացել է իր խնամքին:

«Գնում էինք դիահերձարաններ իմ երեխային ճանաչելու: Կանչել՝ ասել են՝ համընկնում կա, ինձ տասը դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած, 15 տոկոս, ես ինչի՞ն հավատամ: Ասում են՝ ավտոն փոշիացել է, մեկ էլ ասում են` դիակը կա»:

Ասաց, որ, եթե այդպես արհամարհված մնա, իր քայլերն է անելու կառավարության գույքը շարքից հանելու է, ասաց, որ ոստիկանների զգուշացումներից, որ կդատվի՝ չի վախենում: «Ես պիտի արյուն թափեմ, ուրիշ տարբերակ չունեմ»,-ասաց անհետ կորած զինծառայողի հայրը: