Քարվաճառը հանձնելուց հետո Սյունիքի Խոզնավար գյուղը երեք կողմից շրջափակման մեջ է հայտնվել

115
Խոզնավար
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը, որ դեկտեմբերի 1-ին Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո սահմանամերձ է դարձել, ընդամենը 1 կմ է հեռու սահմանից։
«Գյուղը փոսի մեջ է, երեք կողմից շրջափակված, ու իրենք մեզնից բարձր դիրքում են։ Տները բոլորն էլ մոտ 1 կմ են հեռու սահմանից։ Իսկ գյուղի ճանապարհն անցնում է վտանգավոր տեղով՝ սահմանից մի 600-700 մետր է հեռու»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց hամայնքի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը` նշելով, որ ադրբեջանցիները գյուղի սահմանի հատվածում դեռ չեն դիրքավորվել, սահմանը մեր կողմից պահում են զինվորականները։
Թեեւ ադրբեջանցիները դեռեւս չեն մոտեցել գյուղի սահմանին, սակայն գյուղացիների շրջանում տարակուսանք է՝ արդյոք կկարողանան շարունակել ապրել գյուղում, երբ հակառակորդն այդքան մոտ է։ 350 բնակիչ ունեցող գյուղում մարդիկ մեծամասամբ անասնապահությամբ են զբաղվում, իսկ այժմ զրկվել են արոտավայրերից, քանի որ դրանք մնացել են սահմանից այն կողմ։
«Մենք էդ տարածքով էինք ապրում, հիմա ոչ մի բան չի մնում մեզ, մարդիկ ուզում են գնալ գյուղից։ Մարդ կա՝ 10 հատ խոշոր ունի, ասում է՝ չեմ կարող պահել։ Ուզում են ծախեն, էն էլ այնպիսի թվեր են ասում, որ գժվում են մարդիկ։ Չորս գլուխ անասունի համար մեկի արժեք են տալիս»,- նշեց նա։