Քարվաճառի աղբյուրները հունվարին գաղտնի հանձնվել են Ադրբեջանին․ Առավոտ

78

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը օրերս խիստ մտահոգիչ բացահայտում արեց այն մասին, որ Քարվաճառի աղբյուրները գաղտնի հանձնվել են Ադրբեջանին, ինչը Հայաստանի համար ջրային անվտանգության առումով ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ: Այս մասին aravot.am-ին հայտնել է Հոխիկյանը։

«Քարվաճառի ջրհավաք ավազանի խնդիրը նոր խնդիր չէ: Այդ խնդիրների առաջ մենք կանգնել ենք դեռեւս խորհրդային տարիներին: Դա Հայաստանի Հանրապետությունից, շեշտում եմ՝ Հայաստանի Հանրապետությունից, այլ ոչ Արցախից կամ ԼՂԻՄ-ից, խորհրդային տարիներին արհեստական, ոչ օրինական կերպով կտրված եւ օգտագործման նպատակով Ադրբեջանին հանձնված մոտ 260 քկմ. տարածք է: Այդ տարածքը երբեւէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, երբեւէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի վարչատարածքային բաժանման սահմաններում: Այն միշտ եղել է Խորհրդային Հայաստանի տարածք: Բայց անցած դարի 30-ականներից հետո օգտագործման համար, քանի որ Քարվաճառի այդ հատվածը պայմանականորեն կոչեցին Կարմիր Քուրդիստան, միտումնավոր կերպով այնտեղ, որտեղ բնակչություն էլ չի եղել, տեղավորեցին քուրդ հովիվներին, որպեսզի կարողանան զբաղվել անասնաբուծությամբ: Մի բան է ընդհանուր միութենական հանրապետությունների մեջ տարածքը տալ Ադրբեջանին, ինչպես արվեց, օրինակ, Արցախի պարագայում, այլ բան է Հայաստանի Հանրապետությունից իքս հատված վերցնել եւ օգտագործման նպատակներով տրամադրել Ադրբեջանին: ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ բնականաբար, այս հատվածը եւս ազատագրվեց, արդեն Հայաստանի Հանրապետությունն էր տնօրինում»,- ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը եւ անդրադարձավ վերոնշյալ հայկական տարածքի՝ Հայաստանի եւ Արցախի համար կենսական անվտանգային նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների խնդրին:

«Քարվաճառի ջրահավաք ավազանից են սկիզբ առնում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խմելու եւ ոռոգման ջրային պաշարների, կարելի է ասել, 80 %-ից ավելին: Չորս խոշոր գետեր են սկիզբ առնում. Արփա եւ Որոտան գետերը՝ դեպի Հայաստանի Հանրապետության կողմ, Խաչեն եւ Թարթառ գետերը՝ դեպի Արցախի Հանրապետության կողմ: Այդ հատվածից են սնվում Արցախի 24 ջրամբարներից, առնվազն 21-ը: Մեզ մնացել է ընդամենը 2-ը, որոնցից մեկը Սարսանգի ջրամբարն է: Բայց այնուամենայնիվ, Արցախը գրեթե 100 տոկոսով, Հայաստանը՝ 60 տոկոսով սնվում են այդ փոքրիկ՝ գրեթե Երեւանի չափ փոքրիկ տարածքից: Այստեղից են սկիզբ առնում նաեւ հազարավոր աղբյուրներ: Արցախյան վերջին պատերազմից հետո այդ հատվածը մեր վերահսկողության ներքո էր: Հայաստանի ներկայիս իշխանությունները բազմաթիվ հորդորներից, նամակներից պահանջներից հետո երաշխավորեցին, վստահեցրին, որ այդ հատվածը մնալու է հայկական զորքի վերահսկողության ներքո՝ հաշվի առնելով մեր ջրային անվտանգությունը: Մինչեւ հունվարի կեսերը այդ տարածքն իսկապես վերահսկել են ՀՀ զինված ուժերը: Բայց մի օր գաղտնի կերպով հրահանգ է տրվել զինված ուժերին պարզապես նահանջել եւ այդ հատվածը հանձնել թշնամուն: Ազգային անվտանգության տեսանկյունից բոլոր մասնագետները եւ փորձագետները դա մեզ համար գնահատում են ողբերգություն, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Ինչպե՞ս դա իմացանք: Մարդիկ երբ հունվարի 15-ին փորձել են գնալ այդ հատված եւ սեփական աչքով տեսնել, թե տեղում ինչ է կատարվում, պարզվել է, որ ադրբեջանցիները ավելի առաջ են կանգնած եւ ամբողջությամբ վերահսկում են այդ տարածքը: Ընդ որում, ադրբեջանցիներն են ասել, որ այդ տարածքի հանձնումը իրենց տեղի է ունեցել երեք օր առաջ»,- հայտարարեց Նաիրի Հոխիկյանը: