Ղարաբաղ կարպետի Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով և գորգերով մնացել է թշնամու վերահսկողության տակ

26
Ղարաբաղ կարպետի ֆեյսբուքյան էջը գրում է․
Սիրելի հայրենակիցներ,
Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ երկու ամիս է կասեցվել է Ղարաբաղ կարպետ ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բնակության վայրը: Մեր ընկերության 14 աշխատակիցներ իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր եւ վիրավորներ: Խորը վշտով հայտում ենք, որ նահատակվել է մեր ընկերության երկար տարիների աշխատակից, իր պարտականությունների մեջ միշտ համեստ եւ կարգապահ Արսեն Մարտիրոսյանը: Ցավակցում ենք եւ խոնարհվում բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առջեւ: Հավերժ փառք մեր ընկած տղաներին:
Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաեւ Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի եւ հումքի մնացորդով:
Սիրելի հայրենակիցներ, այս ամենով պայմանավորված, Ղարաբաղ կարպետ ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ, արդեն երկրորդ ամիսն է , ինչ աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես, որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում:
Մեր ընկերության տնօրենությունը, այս վիճակում, իր աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով Երեւան քաղաքում վաճառքի է հանել 20 գորգ ՝գործված Շուշիիում, Ստեփանակերտում եւ Ճարտարում, որից առաջացած ամբողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 տոկոս զեղչով:
Արցախյան ձեռագործ գորգերը ձեռք բերելու համար այցելեք՝ ք. Երեւան , Տաշիր առեւտրի կենտրոն, 4-րդ հարկ, Արցախյան խանութ-սրահ: Հեռ. 098 207585, 095 874757, 094 220770, 095185612
Հ.գ. Լուսանկարները՝ Ղարաբաղ կարպետ ընկերության արխիվից