Ժամանակն է Ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն. Newsweek

49

Պատմությունը նշանակություն ունի: Ժամանակն է, որ ԱՄՆ-ը 1915-23թթ. հայերի պարբերական սպանությունները որակի որպես ցեղասպանություն: Դրանով հաստատելով պատմական փաստերը և վերահաստատելով Միացյալ Նահանգների հանձնառությունները զանգվածային վայրագություններից տառապածների նկատմամբ: Ապրիլի 24-ը՝ զոհերի հիշատակի օրը, նախագահ Բայդենին համար ճիշտ պահն է պատմական ռեկորդը սահմանելու համար, Newsweek հեղինակավոր պարբերականում գրում է Նոքս Թեյմզը, որը Օբամայի և Թրամփի օրոք ԱՄՆ պետքարտուղարությունում ծառայել է որպես կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ խորհրդական:

Հոդվածագիրը նկատում է, որ ԱՄՆ-ը շատ լավ գիտի Ցեղասպանության պատմությունը: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն փաստագրել է այն դաժան բռնությունները, որին ինքն ականատես է եղել Օսմանյան կայսրության գյուղերում շրջելիս: Մորգենթաուի հուշերում նկարագրվում է, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «մահվան օրդեր տալ մի ամբողջ ցեղի. նրանք դա լավ գիտակցում էին, և ինձ հետ իրենց զրույցներում առանձնապես չէին էլ փորձում թաքցնել այդ փաստը»:

Այս պնդումները հիմնավորվում են միջազգային իրավունքով, շարունակում է սյունյակագիրը: Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան որպես ցեղասպանություն է սահմանում ցանկացած «գործողություն, որը կատարվել է` նպատակ ունենալով ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնել ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբավորումը` սպանության, մարմնական լուրջ վնասվածքների և այլ միջոցներով. 1,5 միլիոն սպանված հայեր համապատասխանում են այս սահմանմանը: Չկա ոչ մի պատմական հարց այն մասին՝ արդյոք եղել են նման վայրագությունները: Չկա նաև իրավական հարց՝ ինչ անուն տալ դրանց: Բայց կա քաղաքական հարց՝ ինչ ասել:

Նախագահ Ռոնալդ Ռեյգանից հետո Սպիտակ տունը 1915 թ.-ի իրադարձությունները չի անվանել Հայոց ցեղասպանություն, չնայած Կոնգրեսի երկու պալատներն էլ 2019թ. քվեարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման օգտին: Որպես սենատոր՝ Բայդենն ավելի քան երեք տասնամյակ եռանդուն կերպով պաշտպանում էր Ցեղասպանության ճանաչումը: Որպես նախագահի թեկնածու՝ նա խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՝ նշելով, որ «չհիշելը … միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար», նկատում է հոդվածագիրը:

Նախկինում աշխարհաքաղաքական մտահոգությունները ավելը շատ են եղել, քան փաստերը: Չնայած իրականացվել է անհետացած կայսրության կողմից՝ ժամանակակից Թուրքիան կտրականապես դեմ է այն ցեղասպանություն որակելուն: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: Նրա սահմանները շոշափում են նախկին Խորհրդային Միությունը, Իրանը, Իրաքը և Սիրիան: Այն գտնվում է Սև ծովի ափին Ռուսաստանի դիմաց և Եվրամիության հարևանությամբ:

Թեյմզը հիշում է, որ երբ ինքը ծառայում էր Պետքարտուղարությունում, մասնակցել է ներքին քննարկումների այն մասին, թե արդյոք պետք է ԴԱԻՇ-ի ոճրագործությունները եզդիների, ասորական/ քաղդեական / սիրիացի քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ որակել որպես ցեղասպանություն: «Մենք մշտապես բախվում էինք հսկայական բյուրոկրատական դիմադրության: Այն ժամանակվա քարտուղարներ Ջոն Քերին և Ռեքս Թիլերսոնը մերժում էին այն ձայները, որոնք մտահոգություններ էին բարձրացնում այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է իր հաստատուն խոսքն ասի այդ կապակցությամբ: Այդ նույն տատանվող ձայները խանգարեցին նաև Ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմարի ռազմական ոճրագործությունների վերաբերյալ նմանատիպ որոշմանը»,- գրում է Թեյմզը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, նախագահ Բայդենին ներկայացվում է իրադարձությունների եզակի խառնուրդ, որը թույլ է տալիս նրան պատմական ռեկորդ սահմանել: Նա ղեկավարում է նոր վարչակազմ, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ավելի ու ավելի խնդրահարույց քաղաքականություն է իրականացնում: Հնարավորության այս պատուհանի շնորհիվ այժմ ժամանակն է ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն: Հապաղելը միայն ավելի կբարդացնի վարչակազմի գործը, կարծում է սյունյակագիրը:

«Մի կողմ թողնելով միջազգային քաղաքականությունը` ճիշտը դա է: Ցեղասպանություն եղել է: «G» բառի (նկատի ունի Genocided-ցեղասպանություն) օգտագործմամբ նկարագրվում են փաստերը: Իհարկե, որոշ թուրքերի դա դուր չի գա, Էրդողանն էլ մի քիչ կփնչփնչա, բայց շատերը կհամաձայնեն, որ դա ճիշտ է: Միացյալ Նահանգները չպետք է լռեցնի ինքն իրեն անկայուն դաշնակցի հետ կարճաժամկետ, անցողիկ նվաճումների համար: Մենք պետք է առաջնահերթությունը տանք ճշմարտությանը, ոչ թե անարժեք զիջումներին: Ինչպես ասում էր այն ժամանակվա թեկնածու Բայդենը, «լռությունը մեղսակցություն է»: Հայոց ցեղասպանություն եղել է: Թեկնածու Բայդենը ճանաչել է այն, և հուսով եմ նախագահ Բայդենը նույնը կասի ապրիլի 24-ին»,- եզրափակում է Նոքս Թեյմզը։

Թարգմանությունը՝ aravot.am-ի։