Իսրայելի հայ համայնքը Նուրհան պատրիարքի պատճառով կորցնում է իր կալվածքի մեծ մասը

215

Lragir.am-ը գրում է․

Իսրայելի հայ համայնքը շարունակում է բարձրացնել համայնքապատկան հողերը երկարաժամկետ վարձակալության տրման հարցը։ Ամիսներ առաջ հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակներով էին հանդես եկել՝ պահանջելով չեղարկել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշումները, որոնցով համայնքապատկան հողերը երկարաժամկետ վարձակալությամբ են տրվում հրեաներին։ Մասնավորապես, նախորդ տարվա նոյեմբերին հրապարակված նամակում նշվում էր, որ Նուրհան Մանուկյանը Երուսաղեմի Հին հայկական թաղամասի հսկայական մի հատված՝ «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը 99 տարով վարձակալության էր տվել հրեա գործարարին։ Ըստ հայ համայնքի՝ Նուրհան Մանուկյանն իր ոչ հեռատես քայլերով խարխլում է և հայ համայնքի ապագան, և ընդհանրապես վատացնում հայության և քրիստոնյա համայնքների՝ առանց այն էլ թույլ վիճակը։ Նրանք պահանջել էին չեղարկել այդ և նմանօրինակ որոշումները։

Այսօր հայ համայնքի ներկայացուցիչները նույն պահանջն են ներկայացնում ու հայտարարում, որ անվստահություն են հայտնում Նուրհան պատրիարքին։ Տեր Էմմանուել վարդապետ Աթաջանյանի խոսքով՝ Նուրհան Մանուկյանը չի գործում եկեղեցու կարգ ու կանոնի ու հայկական ավանդույթների պահպանման համար։ «Հայերն այստեղ ներկայություն ունեն առաջին դարից ի վեր, և մինչ այսօր հայերը մեծ ներկայություն ունեն Իսրայելում։ Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին, որպեսզի իմանան, թե ինչ է կատարվում այստեղ։ Այն, ինչ մեր հայրերն այստեղ դարեր շարունակ պահպանել են, այսօր վտանգի տակ է, որովհետև Նուրհան պատրիարքը շեղվել է իր ճանապարհից։ Մենք այլևս մեր անվստահությունն ենք հայտնում այդ մարդուն, ով եկեղեցու ու հայկական ավանդույթներից շեղվել է»,- ասում է նա։

Հայ համայնքի ներկայացուցիչ Սերոբ Սահակյանի խոսքով՝ Իսրայելի հայ համայնքը Նուրհան պատրիարքի պատճառով կորցնում է իր կալվածքի մեծ մասը։ «Վերջին 1․5 տարվա ընթացքում այս հարցերը բարձրացրել ենք, մենք վերջերս Հին Երուսաղեմում «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը կորցրեցինք՝ 8000 քմ տարածք։ Դա հսկայական արժեք ունեցող տարածք է, որը 100 տարով վարձակալությամբ է տրված հրեա գործարարի։ Մենք բավական լուրջ խնդիրների առաջ ենք, Արևմտյան Երուսաղեմում նույնպես հսկայական տարածք է վարձակալությամբ տրվել, մոտավորապես 15 հազար քմ տարածքի մասին է խոսքը։ Այդ տարածքը մեր Սուրբ Աթոռի տարածքն է ու մեծ եկամտի աղբյուրը, դա ողջ Արևմտյան Երուսաղեմի բաբախող սիրտն է։ Մենք այդ տարածքները կորցնում ենք նույն Նուրհան պատրիարքի անտարբերության, անճարակության կամ սխալ ղեկավարման հետևանքով։ Համահայկական հարստությունն այսօր վտանգված է, և մենք պետք է համահայկական ճնշում գործադրենք, մինչև իսկ պարսավանքի ենթարկենք նրան»,- ասաց նա։

Համայնքի ներկայացուցիչները նաև ահազանգում են, որ Նուրհան պատրիարքը սպառնում է հոգևորականներին, որ եթե ըմբոստանան ու խանգարեն իր ծրագրերին, նրանց կազատի ծառայությունից։

Տեր Էմմանուել վարդապետ Աթաջանյանը նշում է․ «Երուսաղեմի հայ համայնքը սոսկ համայնք չէ, այստեղի համայնքը Սրբոց Հակոբյանց միաբանության հետ միասին մասնակցում է կարևոր ծեսերի, որոնք ստատուս քվոյի մաս են կազմում։ Եվ շատ կարևոր է, որ այստեղի համայնքը եկեղեցու կողքին լինի, դրա համար առաջնորդը պետք է տիպար լինի։ Այս մարդն արդեն այնքան է շեղվել իր ճանապարհից, որ Հուդայի գործեր է կատարում»։

Նշենք, որ «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքը պատմական Սիոն լեռան վրա՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում գտնվող մի հողակտոր է, որը  Պատրիարքարանը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Հողակտորը գտնվում է անմիջապես Պատրիարքարանի, Ժառանգավորաց Վարժարանի, միաբանական բնակարանների և Մատենադարանի հարևանությամբ: