Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը

59
Մեծամոր ՀԱԷԿ

Հայկական ԱԷԿ–ի վերանորոգման վրա աշխատող ռուսական ընկերություններն անխոչընդոտ շարունակում են աշխատել։ Տեղեկությունը  եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի կառավարությունից Մեծամորի ԱԷԿ–ի վերանորոգման համար հատկացված վարկը 270 մլն դոլար էր, դրամաշնոորհները` ևս 30 մլն։ 300 մլն դոլար ընդհանուր գումարից հայկական կողմը ծախսել է շուրջ 190 միլիոնը։ 2019 թվականի դեկտեմբերին սպառվել է վարկի օգտագործման ժամկետը, սակայն այն երկարացնել չի հաջողվել։

«Նույն պայմաններով ռուսական կողմը վարկ է տրամադրել նաև այլ երկրների, այդ պատճառով, եթե մենք երկարացում պահանջեինք, մյուս երկրները ևս կպահանջեին», – պարզաբանել է Վարդանյանը։

Ռուսական կողմն առաջարկում էր երկարացնել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի վերջ, բայց պայմանով, որ ատոմակայանում բոլոր աշխատանքները մինչ այդ պետք է ավարտվեն։ Սակայն մի շարք կետերով, ինչպիսիք են սառեցնող աշտարակների, ենթակայանների, դիզել–գեներատորային կայանների վերանորոգումը,  իրատեսական չէր տեղավորվել նշված ժամկետների մեջ։

ԱԷԿ–ի կապիտալ վերանորոգման համար վարկը վերցվել էր 2014 թվականին, աշխատանքները նախատեսվում էր ավարտել մինչև 2019 թվականի վերջ։ Խոսելով այն մասին, թե ինչը խոչընդոտ հանդիսացավ ծրագրերն իրականացնելու համար` փոխնախարարն ընդգծեց, որ կառավարման առումով այստեղ պատճառներ փնտրել պետք չէ։ 2018 թվականի ամռանը (այսինքն «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո – խմբ.) աշխատանքների 80%–ը կատարված չէին։ Սակայն, Վարդանյանի խոսքով, այստեղ հարկ չկա մեղադրելու նախկին իշխանություններին` ուշացումները պայմանավորված էին  զուտ տեխնիկական պատճառներով։

Նկատենք, գլխավոր դժվարություններից մեկն այն էր, որ կայանը պետք է վերանորոգվեր առանց արտադրությունը կանգնեցնելու. ամբողջությամբ այն 1-2 տարով կանգնեցնել Հայաստանը չէր կարող։ Այդ պատճառով ստիպված էին (և ստիպված են) ԱԷԿ–ը տարեկան մի քանի ամսով անջատել, իրականացնել վերանորոգման մի մասը, այնուհետև կրկին կայանը աշխատանքային պատրաստության բերել և կրկին գործարկել։ Եվ այդ ռեժիմով կայանը գործում է արդեն մի քանի տարի։