Ինչ պատժամիջոց է սպասվում Ադրբեջանին արգելված զինատեսակներ կիրառելու համար

15

Ժողովուրդ թերթը գրում է.

«Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների և բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաև քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։ Խոսքը հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների մասին է, որը չափազանց թունավոր է։ Այս տիպի զինատեսակների կիրառման արգելքի վերաբերյալ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է նաև Ադրբեջանը։

Որպես նմանօրինակ զինատեսակների արգելքի փաստացի օրինակ՝ նշենք «Պայթուցիկ և այրվող գնդակների օգտագործման արգելման մասին» 1868 թվականի սանկտպետերբուրգյան դեկլարացիան, որը վերաբերում էր կոնկրետ գնդակների օգտագործման արգելքին, ժամանակակից միջազգային փաստաթղթերից էլ՝ «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի Ժնևյան կոնկվենցիան և 1977 թվականի արձանագրությունը, որոնցով արգելվել են ֆոսֆորային ռազմամթերքների կիրառումը, եթե դրա հետևանքով վտանգի են ենթարկվում քաղաքացիական անձինք:

Նման նախագծերից է նաև «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» (1980 թ.) 3-րդ արձանագրությունը։ Սակայն միայն սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունը չէ, որ արգելված է. կասետային ռազմամթերքների կիրառումը քաղաքացիական օբյեկտների նկատմամբ խիստ սահմանափակված է կամ արգելված։ Սակայն հետաքրքիր է, որ չնայած այս զինատեսակների օգտագործման արգելքին՝ միջազգային պրակտիկայում չենք հանդիպում դեպքերի, երբ կոնկրետ հետևանքներ են լինում, ու անհասկանալի է, թե ինչու են այսքան փաստաթղթեր ընդունվել:

Միայն հայտնի է, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է փորձաքննություններ իրականացնել, դրանք արձանագրել և արդյունքներն ուղարկել միջազգային ատյաններ: Եվ, որպես պատասխանատվություն որևէ երկրի նկատմամբ, կարող են լինել միայն պատժամիջոցներ, այն էլ՝ միայն այն երկրի նկատմամբ, որը կատարել է նմանատիպ ռազմամթերքների վաճառքներ՝ առանց նախապայմանների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: