Ինչու է ատոմակայանի շահագործումը դադարեցվում 4-5 ամսով

136
Մեծամոր ՀԱԷԿ

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը անդրադարձել է լուրերին, թե փետրվարի 1-ից Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը կարող է դադարեցվել։

«Գիտեմ, որ նախատեսվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքներն այս տարի սովորականից ավելի երկար ժամանակով կանգնեցնել: Որպես կանոն, պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար, ամեն տարի ատոմակայանի աշխատանքը որոշակի ժամանակով կանգնեցվում է: Սովորաբար, դա տեղի է ունենում սեզոնային այն ժամանակահատվածում, երբ ազգաբնակչության շրջանակներում էլեկտրոէներգիայի սպառումը նվազագույն չափերի է հասնում՝ գարնան կամ ամռան եղանակներին և, որպես կանոն, տևում է 45 օր: Վերջերս, սակայն, տեղեկացա, որ այս տարի ատոմակայանի կանգն ավելի երկար ժամանակ է տևելու՝ 140 օր, և, եթե ճիշտ են այն տեղեկությունները, որ ատոմակայանը կկանգնի փետրվար ամսին, այսինքն՝ ձմռան կեսին, երբ էլեկտրոէներգիայի սպառման ծավալներն իրենց պիկին են, ապա չեմ կարող ասել, թե ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել: Այս պարագայում ես լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում ատոմակայանի շուրջ»,-նշել է նա

Նկատենք, որ Հայաստանում գործող ատոմակայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 50%–ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ տեղեկացվել էր, որ Հայաստանի ատոմակայանի աշխատանքն աննախադեպ երկար ժամանակով՝ 140 օրով կանգնեցվելու է։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ միաժամանակ նշելով, որ, պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով, ատոմակայանի կանգը, սովորաբար նախատեսվում է 45 օր, բայց այս անգամ այն կտևի 140 օր։

Անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը նկատում է՝ ոչ ոք հստակ բացատրություն չի տրամադրում, թե ո՞րն է ատոմակայանի աշխատանքների կանգի այսօրինակ երկար ժամանակահատվածը, որ, ըստ էության, կազմելու է 4-5 ամիս. «Չեմ բացառում, որ սա պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ կատարելու հանգամանքով է պայմանավորված: Սակայն, որևէ կերպ չի պարզաբանվում ատոմակայանի աշխատանքների՝ 4-5 ամիս նախատեսված դադարը, որը, դժվար թե միայն պրոֆիլակտիկայի նպատակով է արվում, որովհետև, որպես կանոն, պրոֆիլակտիկ նպատակներով ատոմակայանի աշխատանքներն այդքան երկար ժամանակով երբեք չի կանգնեցվել: Պրոֆիլակտիկ աշխատանքների կամ վառելիքը փոխելու համար, մշտապես 45 օր է պահանջվել, ոչ ավելին: Հետևաբար, լավ չեմ պատկերացնում, թե ի՞նչ է հիմա կատարվում ատոմակայանի շուրջ, բայց ինչ էլ, որ կատարվի, դրական որևէ բան այստեղ ես չեմ տեսնում: Ավելին՝ անհասկանալի գործընթացներ են ընթանում ոչ միայն ատոմակայանի, այլ նաև՝ ողջ երկրի շուրջ»,- նշել է անվտանգային հարցերով մասնագետը:

Հարցին՝ ո՞ւմ է ձեռնտու ատոմակայանի աշխատանքների երկարատև կանգը, Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ այդ հարցով մշտապես շահագրգիռ են եղել մեր երկու թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը. «Մեծամորի ատոմակայանի փակման հարցը մեկ անգամ չէ, որ միջազգային ամենատարբեր կառույցներում բարձրաձայնել են թե´ Թուրքիան և թե´ Ադրբեջանը: Աստված մի արասցե, կայանի վթարի պարագայում, ռադիացիան գնալու է Թուրքիայի ուղղությամբ, որովհետև ատոմակայանը հատուկ հաշվարկներով է կառուցվել՝ վթարների պարագայում հաշվի առնելով քամու ուղղությունը, որն, ըստ էության, ավելի մեծ վնասներ կհասցնի հենց Թուրքիային, քան նույնիսկ Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանում տնտեսական կոլապսի հեռանկարներ է փայփայում՝ ատոմակայանի փակման դեպքում»,- արձանագրել է անվտանգային հարցերով մասնագետը: