Երազանքից նպատակ՝ տասնամյա ուղին․ Տաթև Հովակիմյան

410

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Arm Root-ի հիմնադիր և CAD Create and Design School-ի համահիմնադիր Տաթև Հովակիմյանի հետ հարցազրույց։ Տաթևի հետ հարցազրույցը պետք է տեղի ունենար 2020թ-ի սեպտեմբերի 27-ին, սակայն հենց այդ օրը սկսվեց պատերազմը և գրեթե 2 տարի անց միայն զրույցը կայացավ։ Այն ժամանակ դեռևս չէր հիմնադրվել եռաչափ մոդելավորման դպրոցը, իսկ այսօր արդեն կխոսենք հայկական զարդերի ստեղծման ու տարածման ուղու և Հայաստանում միակ միջազգային սերտիֆիկատ տրամադրող եռաչափ մոդելավորման դպրոցի մասին։

Ճանապարհը դեպի զարդերի աշխարհ 

Զարդանախշերի նկատմամբ սերը ծնվել է դեռ մանկուց, երբ հետևում էի, թե ինչպես է հորեղբայրս փայտի փորագրությամբ զբաղվում ու կյանք տալիս յուրաքանչյուր դետալի։ Փոքր տարիքից նաև հելյունով եմ գործել․ տատիկիցս էի սովորել, նաև նկարում էի, զբաղվում՝ կավագործությամբ։ Երկար տարիներ անց՝ համալսարանում սովորելու տարիներին, փնտրում էի ինձ հոգեհարազատ աշխատանք ու գտա զարդերի դիզայնով զբաղվող մի ընկերություն։ Բայց այդ ժամանակ դա ուղղակի որպես ուսանողական աշխատանք էի դիտարկում, քանի որ շատ սիրում էի այն մասնագիտությունը, որը ընտրել էի։ Սովորում էի Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում, և որոշել էի դառնալ էներգետիկ։ Այո, այդ ժամանակ արդեն բիզնես ունենալու երազանք- գաղափար կար՝ ՀԷԿ կամ արևային կայան, բայց որ բիզնես կծավալեմ այս ոլորտում, մտքովս անգամ չէր անցնում։ Համալսարանը ավարտելուց հետո կանգնեցի ընտրության առջև՝ ընդունե՞լ աշխատանքի առաջարկը զարդերի անսահման սիրուն ու ստեղծագործ աշխարհում և մասնագիտությունս մի կողմ դնել, թե՝ ոչ։ Պատասխանն արդեն հայտնի է։

Այս ուղղին սկսվեց 2006թ-ից։ Օր օրի հմտանում էի իմ գործի մեջ, ինչը դժվարեցնում էր ինձ համար զարդի ընտրությունը: Զուգահեռ ուսումնասիրոմ էի զարդարվեստի պատմությունը, ծանոթանում նաև ոսկերչությանն ու արծաթագործությանը: Եվ հենց այդ ժամանակ սկսեցի ստեղծել զարդեր, որոնք չէի գտնում առաջարկվող զարդերի շուկայում, բայց մեծ սիրով կկրեի: Ինձ համար զարդը միայն թանկարժեք մետաղ ու քար չէ, այն ժամանակի վկա է, որն իր մեջ կրում է պատմություն, էներգետիկա, հույզեր, և որոնք պետք է փոխանցվեն սերնդեսերունդ։ Այսպես, աստիճանաբար սկսվեց Arm Root-ի ծնունդը։

Անվան ընտրությունը ևս հետաքրքիր պատմություն ունի։ Մասնակցում է եռաչափ մոդելավորողների մրցույթի, որտեղ բացի զարդից նաև անունը պետք է ունենար իր բացատրությունը։ Այդ ժամանակ էլ ծնվեց Arm Root-«Հայկական Արմատներ» անվանումը։

Arm Root-ի առաքելությունը
Երբ արդեն գիտակցված մուտք գործեցինք շուկա, ունեինք հստակ նպատակ և առաքելություն՝ զարդերը իրենց պատությամբ պետք է դառնային Հայաստանի մասին պատմող այցեքարտ զբոսաշրջիկների և ինչպես նաև տեղացիների համար:
Կարևոր էր, որ թանգարաններների այցելուներն վաճառասրահներում գտնեին նաև տվյալ ժամանակաշրջանին բնորոշ վերածնված զարդեր, և որ ամենակարևորն էր՝ զարդերը պետք է ունենային անձնագրեր, որտեղ կլիներ զարդի պատմությունը։ Այսպես ծնվեց առաջին հավաքածուն՝ «Ուրարտու»-ն, Սարդուրի թագավորի վահանի հիման վրա։

Վահանի չափսերը իրականում շատ մեծ են, ու այն զարդ դարձնելու համար պետք էր տիրապետել այդ ժամանակաշրջանի զարդարվեստին, ոսկերչության, արծաթագործության և լույսի ու ստվերի հնարքներին։ Այդ ամենը փոքր քայլերով ուսումնասիրելով՝ ստեղծվեց հավաքածուն։

Օրինակ՝ հավաքածուի կախազարդի կախիչի վրա մոտ մեկ ամիս աշխատել եմ, յուրահատուկ դիզայն էի պրպտում, և արդունքը հիանալի էր, անկեղծ ասած, քանի որ գտա այն չկրկնվող և ձեռագրային տարբերակը, որը շատ արագ գրավեց շատերի ուշադրությունը։ Նշեմ նաև, որ այս կախազարդը, երկկողմանի է՝ մի կողմը պատմություն է, մյուս կողմը՝ ավելի մոդեռն դիզայն ունի։ Բնակաբար սկսվեց նաև համագործակցություն Էրեբունի թանգարանի հետ:

Սիմվոլիզմը
 
Մեր սիմվոլիկաների մեջ ամենուր կարելի է գտնել հավերժի խորհուրդը։ Հայկական զարդանախշերին բնորոշ է միահյուսված լինելը։ Երբեմն անհնար է նրանցում գտնել սկիզբն ու վերջը, որովհետև այդ հյուսքն անընդհատ պտտվում է՝ խորհրդանշելով
բնության տիեզերական կապն ու շրջապտույտը։ Այսինքն, ըստ իս, հավերժության խորհուդը մեր զարդանախշերում կյանքի ցիկլն է՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև։ Մեր նախնիները վստահաբար մեզանից շատ ավելի խելացի են եղել ու ոչ մի նախշ պատահական չեն ստեղծել կամ կիրառել այս կամ այն տեղում: Լավ կլիներ, որ մարդիկ այսօր էլ ուշադիր լինեին զարդանաշխերի կիրառման հարցում: Ուրախ եմ նաև, որ որոշ զարդանաշխեր, որոնց մի փոքր հատվածն է եղել պահպանված,
ես ինքս եմ վերականգնել և կիրառել մեր զարդերում։

Վանի թագավորության մշակույթը ArmRoot-ի հիմքում
 
Իմ ամենաթույլ կողմերից մեկը Վանի մշակույթն է։ Այն ֆանտաստիկ է։ Որքան էլ, որ մենք այսօր փորձենք նոր տեխնոլոգիաներ կիրառելով ստեղծել այս կամ այն զարդը, այնպիսի տպավորություն է, որ երբեք չենք հասնելու նրանց կատարելությանը։
Հենց նույն պատճառով ինձ համար աններելի էր, որ Վանի զարդերից մեկը Ճապոնիայում է, իսկ մենք որևէ նմուշ չունենք այստեղ։ Այս միտքը երկար ժամանակ տանջում էր ինձ, քանի որ ուղղակի սիրահարված էի գեղեցկուհուն։ Եվ որոշեցի ունենալ կրկնօրինակը՝ սկզբում ծնվեց կախզարդը՝ այնուհետև նաև ողջ հավաքածուն։ Բնօրինակ զարդի չափսը 18․5 սմ է, բայց մեր զարդը 7-8 սմ սահմաններում է։
Վանի ժամանակաշրջանում և այսօր կիրառվող նյութերը զարդարվեստում
 
Կարծում եմ, որ եղել են մետաղի մշակման տեխնիկաներ, որոնց մենք չենք տիրապետում առ այսօր։ Մեր օրերում տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և հիմնական մոդելը ստեղծվում է եռաչափ մոդելավորման միջոցով, բայց ունենք ձեռագրային դետալներ, որոնք ձեռքով են պատրաստվում։ Արծաթի վրա սևով մշակումը ստանում ենք պոտաժով, իսկ Վանում կիրառվել է նաև սևադայով աշխատելու տեխնիկան։ Հիմա սևադան շատ քիչ է կիրառվում։ Ի դեպ, դրանով աշխատելը շատ ավելի բարդ է։ Ասեմ, որ ոսկին ու արծաթը ունեն իրենց յուրահատկությունները։ Երբեմն ոսկու վրա ավելի բարդ է նույն արդյունքը ստանալ, և մետաղի սխալ ընտրությունից դիզայնը կարող է տուժել, բայց լինում է նաև հակառակը՝ երբ զարդը ծնված է ոսկու համար։

Զարդերից բաժանումը

Իրականում իմ ստեղծած բոլոր զարդերն են թանկ ինձ համար։ Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ զարդերն արագ չեն ծնվում։ Զարդերի մեծ մասը տեսնում եմ երազում։ Օրինակ՝ գրեթե բոլոր օղերի վրա ունենք մի ձեռագրային դետալ, որի կառուցվածը ևս երազում եմ տեսել։ Հետո միայն բացահայտեցի, որ այդ դետալը Մշո Առաքելոց վանքի եզրանախշերից մեկն է։ Ամեն զարդի հետ ունեմ իմ պատմությունը, սակայն չէի ասի, որ դժվարությամբ եմ բաժանվում զարդերից, որոնք ստեղծել եմ։ Բայց կարևոր է, թե ովքեր են կրելու զարդերը։ Երբեք նպատակ չեմ ունեցել անխնա վաճառք ունենալու, կարևորը, որ գնորդը հասկանա, թե ինչ է գնում ու իր համար թանկ լինի զարդը։ Եթե զարդը դառնալու է զարդատուփի հերթական իր, գերադասում եմ այն մնա մեզ մոտ։

Ամեն զարդ իր պատմությունն ունի

Արդեն նշեցի, որ զարդերի հետ կան փոքրիկ գրքույկներ, որոնք պատմում են զարդերի պատմությունը։ Դրա կարևորությունը պատմեմ «Դաղդղան» հավաքածուի օրինակով, որը ստեղծված է չարխափան հմայիլների դիզայնի հիման վրա։ Մեր նախնիները հմայիլները կախել են տանը կամ կենդանիների վզին, այն պատրաստվել է հատուկ փայտից և շատ կարևոր է եղել, որ վարպետը պատրաստելուց ունենա լավ տրամադրություն, քանի որ հավատացել են, որ այն կփոխանցվի նոր կրողին հմայիլի միջոցով։ Մենք նույն տեխնիկան ու զարդանախշերը փոխանցել ենք արծաթին։

 

Այսինքն՝ այս տարբերակով մարդը գնում է զարդը, իմանում է ոչ միայն չարխափանի պատմությունը, այլ ընդհուպ հասնում մինչև փայտագործության ակունքներ։ Որևէ մեկին այսօր դժվար կարողանանք զարմացնել թանկարժեք զարդով կամ ադամանդով՝ մարդիկ փնտրում են զարդ, որի հետևում կա պատմություն։

Հայկական մշակույթի տարածումն աշխարհում 

ArmRoot-ի հետ կապված շատ հետաքրքիր մի պատմություն կա։ Զարդերից մեկը, որը մենք ի սկզբանե համարել ենք կանացի, գնեց հոլանդացի մի հնագետ, ով երկու տարի անց կնոջ հետ Հայաստան էր վերադարձել, որ նույն զարդից իր կնոջ համար գնի։ Խոսքը Սարդուրի թագավորի վահանի հիմքի վրա ստեղծված կախազարդի մասին է։ Իհարկե, անչափ կարևոր է և հաճելի Հայկական մշակույթի տարածումն աշխարհում, բայց գիտեք, այդ մարդն այնքան բան գիտեր Հայաստանի պատմության մասին, որ ուղղակի անկարելի կլիներ, որ չգտներ զարդը և չերջանկացներ և՛ իրեն, և՛ մեզ։ Այո, իսկապես երջանկություն է կարողանալ գնահատել և սիրել քո մշակույթը, զարգացնել ու ներկայացնել աշխարհին ներկայացնել ըստ արժանվույն։

Կրթության կարևորությունը
 
Իրականում շուկայում ոչ գրագետ մոտեցումները շատ են ու կարևոր է, որ մարդիկ գիտակցեն իրանց ոչ գրագետ արարքների հետևանքների մասին։ Եթե մարդիկ որոշում են զբաղվել 3D մոդելավորմամբ, ցանկալի է՝ ունենան համապատասխան գիտելիքներ։ Մոդելավորողի մասնագիտությունը միջանկյալ, բայց ամենակարևոր մասնագիտություններից է։ Մոդելավորողը միայն այս կամ այն ծրագրին տիրապետող մարդը չէ, մոդեալավորողը մասամբ դիզայներ է, մասամբ ոսկերիչ, այն մարդն է, ով պետք է կարողանա գրագետ քայլերով դիզայնը վերածի նյութի։

CAD Create and Design School-ի ստեղծման պատճառները
 
Այս բնագավառում եմ արդեն 15 տարի։ Իսկ դպրոցը հիմնադրելու պատճառները շատ էին։ Դպրոցը հիմնադրել ենք ամուսնուս հետ միասին։ Հետաքրքիր է, որ մեր ծանոթության հիմքում էլ է եղել ոսկերչությունը։ Մեր առաջին հանդիպման ժամանակ խոսել ենք հենց ոսկերչության, զարդարվեստի մասին։ Պատճառներն ավելի խորքային են։ Ամուսնուս հայրիկը բարձրակարգ ոսկերիչ է եղել։ Տեսնելով հայրիկի աշխատանքները և երբեն նրան օգնելով՝ ամուսինս, չլինելով ոսկերիչ, բավականին մեծ բազա ու գիտելիք ունի ոսկերչության, քանդակի և արվեստի մասին։ Այս ամենը և շուկայում առկա մեծ պահանջարկը, առիթ հանդիսացան համատեղ գործ սկսելու համար։
 

CAD Create and Design School-ը ընդամենը 6-7 ամսվա պատմություն ունի, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք միջազգային լիցենզավորում ստանալ։ Հայաստանում միակն դպրոցն ենք այս պահին, որը կարող է տրամադրել միջազգային սերտիֆիկատ RhinoCeros ծրագրի սահմանաններում։
 
Մեզ մոտ կարող են սովորել զրոյից և ստանալ վկայական, կարող են միայն քննություն հանձնել և ստանալ վկայական։ Դպրոցը լիցենզավորված է Եվրոպայի կողմից, իսկ մեր տրամադրած վկայականը գործում է և՛ Եվրոպայում, և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Կանադայում։
 

Կարևորն այն է, որ դիմորդները ծրագրի և ոսկերչության վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ կստանան, որը հետագայում կարող են կիրառել որպես մասնագիտություն։ Ծրագիրը միայն ոսկերչության համար չէ նախատեսված, այն կարող են օգտագործել շինարարության, ճարտարապետության, կահույքագործության, ընդհուպ մինչև կոշիկների արտադրության մեջ։ Դասընթացները 2-3 ամիս են տևում, ունենք նաև անհատական դասընթացներ և վարպետաց դասեր։

Խմբերը որոշակի տրամաբանությամբ են կազմվում՝ հաշվի առնելով տվյալ անձի հմտությունները, մասնագիտությունը, որքան գիտելիք ունի այս կամ այն ծրագրի վերաբերյալ կամ գուցե, ընդհանրապես չունի։ Այսինքն՝ կարևոր է, որ խմբում լինեն մարդիկ, ովքեր կկարողանան նաև ընկերանալ ուսման ամիսների ընթացքում։ 

Խմբում ամենաշատը 4 հոգի է ընդգրկվում, որովհետև կարևորը բարձրակարգ գիտելիք տալն է, իսկ 4-ից ավել մարդուն դասախոսը ի վիճակի չի լինի տալ համապատասխան գիտելիքներ։ Մեզ համար առաջնայինը գիտելիքը տեղ հասցնելն է։ Դասընթացները մինիմում 3 ժամ են տևում։ Դասընթացի ընթացքում ուսանողները կարող են իրենց ստեղծածը 3D տպիչով տպել և տեսնել։

Բուհերն ինովացիայի կարիք ունեն

Իրականում ծրագրի օգտագործումը զարդագործության ոլորտում բավական զարգացած է Հայաստանում, իսկ այլ ոլորտներն այնքան էլ զարգացած չեն։ Մենք ունենք ուսանողներ նույն Ճարտարապետական Համալսարանից, Գեղարվեստի Ակադեմիայից, ովքեր բուհում չեն ստացել այդ գիտելիքը և գալիս են մեզ մոտ մասնագիտանալու, անհատական սովորելու։ Կարծում եմ՝ բուհերը ինովացիայի կարիք ունեն, 21-րդ դարում ուսանողների պահանջները ևս փոխվել են։ Մեր ծրագրերում կան բուհերի հետ համագործակցելու և փորձը կիսելու պլաններ ևս։

Կրթական տուրիզմի հիմքերը

Կարծում եմ՝ կրթական տուրիզմը ամենահետաքրքիր ոլորտներից է։ Դպրոցը ստեղծելու ճանապարհին գլխավոր նպատակներից է եղել կրթական տուրիզմի զարգացման հեռանկարները Հայաստանում։ Այսինքն՝ զբոսաշրջիկը Հայաստանը բացահայտելուն զուգահեռ մասնագիտություն է ստանում այստեղ։ Արդեն ունենք ուսանողներ արտերկրից, ովքեր առաջին անգամ եղել են Հայաստանում մեր դպրոցի շրջանակներում։ Մեզ համար կարևոր է ոչ միայն մեր դպրոցում ուսանելը, այլ Հայաստանը մեր միջոցով բացահայտելը։ Սա մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, արդեն ունենք ուսանողներ Իրանից, Շվեդիայից և Միացյալ Նահանգներից։

Պատերազմը փոխեց ամեն ինչ

Եղել է ժամանակ, որ մտածել եմ դրսում աշխատելու կամ ապրելու մասին, բայց պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Բոլորիս կյանքն է փոխվել, ու ես ինձ ավելի մեծ դավաճան կզգամ մեր այսքան կորուսներից հետո թողնել երկիրս։ Հիմա ավելին քան երբևէ պետք է միասնական լինել ու հասկանալ մեր արարքների կարևորությունը։ Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների համար, ամեն երեխա այս կամ այն կերպ պատասխան է տալիս իր ծնողների և նախնիների արարքների համար կամ օրհնվում է նրանց շնորհիվ։ Թե ինչպես կապրեն հաջորդ սերուդները, կախված է այսօրվա մեր արարքներից, հետևաբար փորձենք ապրել արժանապատիվ մեր հող ու ջրին, չէ որ այստեղ ծագող արևն է մեզ ամեն օր ուժ տալիս ապրելո , ստեղծագործելու և արարելու։