Հողերը հանձնելու մասին լուրեր տարածած ՊԲ ծառայողը կալանավորվել է. ԱԱԾ

5
ԱԱԾ

ՀՀ իշխանությունների կողմից հողերը իբրեւ հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայող Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Ն. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն, ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում եւ իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է. «Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի եւ անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ: