Հադրութից տեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից

82

Արցախից տեղահանված բնակիչները կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ պետությունը ապահովի բնակարաններով, քանի որ արդեն շուրջ մեկ տարի է՝ պատերազմի հետևանքով բռնի տեղահանվածները չունեն ոչ մշտական բնակության վայր, ոչ էլ կարգավիճակ։

Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը ասաց, որ տեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից՝ թողնելով անտուն. «Ոնց 1 տարի առաջ էինք տուն ու տեղ կորցրած, նույն ձև էլ այսօր՝ մեր կյանքում փոփոխություն չի եղել, չգիտենք՝ ինչո՞ւ են անմարդկային վերաբերմունք ցույց տալիս։ Շոր ու ուտելիքը աշխատում հասցնում ենք, բայց վարձերը թանկացել են։ Ծանր կացության մեջ ենք հայտնվել, ձմեռվա բերան տներից հանում են»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Նրանք Կառավարության մոտից քայլերթով կուղևորվեն ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ՝ հայտարարելու, որ ՀՀ-ում կան փախստականներ, ապա շարժվելու են Ֆրանսիայի դեսպանատուն՝ հանձնելու նամակ, որում հումանիտար ապաստան են խնդրելու Ֆրանսիայի նախագահից։