Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հադրութի շրջանից կա 99 զոհ և 47 անհայտ կորած։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը՝ հավելելով, որ տվյալները դեռ հավաքագրվում են։
99 զոհերի անունների մեջ կան և ժամկետային, և պայմանագրային զինծառայողներ, և քաղաքացիական անձինք։ 47 անհայտ կորած քաղաքացիներից շատերի դիերը նախնական հանվել են, բայց չկա ԴՆԹ եզրակացության պատասխանները, ուստի անհետ կորածների ցուցակներում են ու ճշտումներ դեռ չեն եղել։ 47 հոգու անհայտ կորածի կարգավիճակում լինելու պատճառն այն է, որ շատերին չեն հասցրել տարհանել։ Սավադյանը նշեց, որ բնակիչներից ոմանք հրաժարվում էին լքել բնակավայրերը։ Բացի այդ՝ նոյեմբերի 9-ին անգամ բնակիչները չեն իմացել, որ տարհանվելու են։
«Մինչև ամսի 9-ը ընդհանրապես բնակչության տարհանման մասին ոչ մի բառ չի եղել։ Արցախի իշխանությունները չեն զգուշացրել, որ բնակչությունը պետք է տարհանվի։ Բնակչությունը դրա մասին իմացել է ավելի ուշ, մեծ մասը չիմանալով ավելի վաղ դուրս էին եկել, լքել տները՝ այնքան որ փրկվեն։ Համայնքի ղեկավարների օգնությամբ տարեց մարդիկ և համայնքում մնացած բնակիչները տարհանվել են ավելի ուշ։ Ասում էին հաղթելու ենք, հաղթելու ենք, չէինք պատկերացնում, որ կարողա ամսի 10-ին մտնեին շրջան»,- եզրափակեց Սավադյանը:














