Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով Բարձրավանի դպրոցի ուսուցիչները աշխատանքի չեն գնացել․ Հետք

72

Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն այսօր չեն կարողացել հասնել դպրոց։ Նրանց մեծ մասը գրեթե ամեն օր Գորիսից Բարձրավան էր գնում, բայց այսօր դպրոց չեն գնացել Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով։ Հիշեցնենք, որ այս ճանապարհին երեկ գիշերվանից Ադրբեջանը մաքսակետ է տեղադրել եւ մաքսային ու անձնագրային հսկողություն է իրականացնելու։ Գրում է «Հետքը»։

Բարձրավան գյուղը Գորիսից 33 կմ հեռավորության վրա է։ Բարձրավանի դպրոցում այս պահի դրությամբ սովորում է հինգ աշակերտ։ Վերջին տասը տարիների ընթացքում դպրոցում աշակերտների թիվը չի գերազանցել տասը։

Դպրոցի տնօրեն Սառա Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ դասերը կազմակերպում են հեռավար։ Հարցին, թե աշակերտները հեռավար դասերին միանալու համար ունե՞ն տեխնիկական հնարավորություն, տնօրենը դրական պատասխան տվեց, ասաց՝ չունենալու դեպքում դպրոցում համակարգիչ կա, դա կարող են օգտագործել։ Սառա Հակոբյանը նշեց, որ այս պահին փորձում են խնդրին լուծում գտնել և, ամենայն հավանականությամբ, կօգտվեն Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհից։