Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները 15-20 հոգով հարձակվել են հայ քաղաքացիների վրա

1267

Գորիս-Կապան ավտոճանապարհը հայ քաղաքացիների համար շարունակում է վտանգավոր մնալ։ Ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական անցակետի ճանապարհահատվածում թշնամին շարունակում է խոչընդոտել հայերի երթևեկությունը։

Ադրբեջանցիների հետ հերթական միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 26-ին,  մոտավորապես ժամը 15․00-ի հատվածում, երբ քաղաքացիները անցնելիս են եղել Որոտանով։

Yerevan.Today-ի հետ զրույցում այդ ճանապարհով անցնող քաղաքացիներից մեկը պատմեց, որ Որոտանով անցնելիս ադրբեջանցիները խփել են իր մեքենային, հայհոյել, փորձել են մեքենայից դուրս հանել, բայց ինքը կարողացել է անցնել։

«Մեքենայի մեջ ես ու ընկերս ենք եղել, խփեցին մեքենայիս, դուռը բացեցին, որ իջեցնեին, բայց չստացվեց, որովհետև հետևիցս մեքենա կար ու սկսեցին էդ մեքենային խփել, ու ես քշեցի անցա։ Իրենք 15-20 հոգով էին, և ես եթե ավելի շուտ քշեի, պետք ա իրենց մեքենայի տակ գցեի»,- նշում է մեր զրուցակիցը։

Նա նաև պատմում է, որ սովորաբար հայերը մի քանի մեքենաներով հավաքվում են անցակետը շարասյունով անցնելու համար, որպեսզի ադրբեջանցիների մոտով միայնակ չանցնեն, բայց դա թշնամուն չի զսպում հարձակումների փորձեր թույլ տալու համար․

«Այո, քաղաքացիները հավաքվում են, «կալոնաներով» են անցնում, բայց ադրբեջանցիները կամ դիմացի մեքենային կամ էլ հետևից էկողին հա փորձում են «նակազատ» անել՝ խփում են, հայհոյում, հետն էլ զինված են, էնտեղ բոլորը զինված են, մինչև շինարարություն անողն էլ զենք ունի»։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ ճանապարհի այդ հատվածը որևէ կերպ անվտանգ չէ և ամեն անգամ այդտեղով անցնելիս մարդիկ ստիպված նման միջադեպերի են առնչվում և թշնամուն նույնիսկ խաղաղապահների առկայությունը չի զսպում․

«Նախ ռուսները հենց այդտեղ չեն, նրանք մի 60-70 մետր հեռու են, բայց ես էսօր գնացել եմ ու իրենց ասել եմ, թե ինչ է եղել, բայց իրենք ոչ մի բան էլ չեն կարող անել»։

Նշենք, որ ամիսներ շարունակ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանության անցակետ է տեղակայված։