Գեներալներ, վաշտի ու գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության. Զոհված զինվորի հայր

147

Պատերազմին մասնակցած զինվորների ծնողները ՔԿ զինվորական քննչական վարչությունում են։

Զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը նշեց, որ որդու մարմինն իրենք են գտել  ու հանձնել հողին։ Հիմա ռազմական գերատեսչության ներկայացուցիչները պետք է կանգնեն օրենքի առաջ։

«Բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, վաշտի ու գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մինչև այսօր մեր հայցը դեռ բավարարված չէ, մարդիկ կան, որոնք պետք է քննվեին։ Մեզ ասում են, որ հարցաքննությունները Արցախում են անցկացրել,  այնտեղի քննչական մարմիններում, բայց հանգամանքները դեռ բավարար չեն ու մեր հարցի լուծումը մնացել է օդում կախված»,- ասաց զոհված զինծառայողի հայրն ու հավելեց, որ գործը ձգձգելու միտում չեն տեսնում։ Նա  կարծում է, որ  գործերի քանակն է շատ։

«Մեզ ասել են, որ հետևում են ամեն ինչին։ Ծնողներ ունենք, որոնք մինչև օրս  հանցագործության մասին դիմումներ չեն ներկայացրել։ Նրանք  էլ  այսօր կներկայացնեն, ծնողների անուն-ազգանունները գրել են, որ գործին ընթացք տան»։

Մխիթարյանը նշեց, որ ծնողները չէ, որ պետք  է տվյալներ հավաքեն ու հանձնեն ՔԿ-ին, այլ քննչական մարմինները պետք է հարցում ուղարկեն զորամասեր՝ զինվորների քանակի, վիրավորների, գերության մեջ հայտնված զինվորների թվի մասին, որը մինչև օրս չի կատարվել։

Ակնկալում են, որ զինվորականների շրջանում պատիժներ կլինեն, որովհետև իրենց հրամաններով երեխաներին տարել են սխալ ուղղություններով։ Մեծ թվով զոհեր են եղել պատերազմի ընթացքում  նաև սխալ  հրամանների պատճառով։