Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Արդբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցը

170
Մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցը։
Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված օրակարգի` քննարկումը նախանշված է տեղական ժամանակով 09։00-13։00–ը։
Քննարկման առանցքում «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացում» վերտառությամբ բանաձևն է, որի նախագծում նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում` հայկական։
Պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միտումնավոր վնասներ են հասցվել հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձանների, մասնավորապես՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո ավերվել են բազմաթիվ գերեզմանատներ ու այլ եկեղեցիներ` ինչպիսիք են Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին և Մատաղիս գյուղի Սբ. Եղիշե եկեղեցիները։
Բանաձևում հիշեցվում է, որ Իլհամ Ալիևը «խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները» հայկական եկեղեցիների վրայից, ինչը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևով, ռազմական հանցագործություն է, որի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Ադրբեջանի կողմից մշակվում է հայկական մշակութային ժառանգությունը «կովկասյան ալբանական» ժառանգությամբ փոխարինելու` քարոզչական հայտնի պատմություն, որը մերժվում է հիմնական պատմաբանների կողմից։ 2022 թվականի փետրվարին Ադրբեջանը ստեղծել է աշխատանքային խումբ, որի խնդիրն է «վերացնել հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը»»,– ասվում է բանաձևում։
Բանաձևում խստորեն դատապարտվում է հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումն ու ոչնչացումը, և Ադրբեջանին կոչ է արվում հարգել և պաշտպանել այդ մշակութային ժառանգությունը։
«Դատապարտում ենք նոր աշխատանքային խմբի ստեղծումը, որին հանձնարարված է «ջնջել ֆիկտիվ գրությունները» Լեռնային Ղարաբաղի կրոնական կամ պատմական հուշարձաններից` իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, որպես հարևան ժողովրդի մշակութային ժառանգության ապօրինի թալան՝ նրանց պատմական հիշողությունից զրկելու համար»,– գրված է բնաձևում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ժամանակավոր միջոցներ էր կիրառել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին։
Բանաձևում նաև Ադրբեջանի առջև պահանջ է դրվում ՅՈւՆԵՍԿՕ-ին ու այլ միջազգային մասնագիտական կառույցներին հնարավորություն տալ մուտք գործելու իր վերահսկողության տակ գտնվող տարածքների մշակութային ժառանգության վայրեր` դրանցում գույքագրում իրականացնելու ու դրանց պաշտպանությունն ապահովելու համար։
Մշակույթից զատ, բանաձևի վերջին կետերում անդրադարձ է արվում նաև գերիների հարցին։ Ադրբեջանին կոչ է արվում խուսափել մարդկային կյանքերի հետագա կորուստներից և հիշեցվում, որ ռազմագերիների ազատ արձակումը իրավական պարտավորություն է։
Բացի այդ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է առաջնորդվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և հիմնված լինի նրանց 2009 թվականի հիմնարար սկզբունքների վրա` ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ԵԱՀԿ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան։