«Եվրասիադոկ 2021»-ի իրագործման համար դրամական օգնություն է հարկավոր․ օգնենք հայ վավերագրողներին

171

Հայկական վավերագրական կինոն լուրջ հեռանկարներ ունի, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների հաջողությունները․ միաժամանակ երկու հայկական ֆիլմի պրեմիերա Լեյպցիգի հեղինակավոր փառատոնի մրցույթային ծրագրում, Դոկ Բարսելոնա հարթակում մրցանակ, Ռոտերդամի փառատոնի մրցույթ, Բալթիկ Սի Դոկ ֆորումում ներկայացում և այլն։

Այս ամենի հիմքում մեծ դեր է ունեցել Եվրասիադոկ ծրագիրը, որն անցկացվում է 2 փուլով՝ սցենարական զարգացման դասընթաց և դրան հետևող համատեղ արտադրության ֆորում-հանդիպումներ։

Եվրասիադոկ ծրագիրը Հայաստանում և տարածաշրջանում գործում է 2011 թվականից և արդեն 9  տարի մեծ օգնություն և հրաշալի հնարավորություն է հայ վավերագրողների համար՝ իրենց ֆիլմ-գաղափարները կյանքի կոչելու հարցում։

Եվրասիադոկ ծրագիրը աջակցում է հեղինակների, ովքեր պրոֆեսիոնալ կերպով զարգացնում են վավերագրական ֆիլմերի ստեղծագործական նախագծեր Արևելյան Եվրոպայի երկրներում։ 2011 թվականից ավելի քան 60 հայ կինոգործիչ մասնակցել է դասընթացներին և մոտ 25 ֆիլմ արտադրվել/ավարտվել է. ևս 15 ֆիլմ դեռևս զարգացման կամ արտադրության փուլում է։

2017 թվականից ծրագրի բյուջեն ֆրանսիական կողմից կրճատվել է, քանի որ նախանական ծրագիրը, տեղի ինդուստրիան ոտքի հանելը, կայացել է։

Այժմ անհարժեշտ է հայկական կողմի ֆինանսական աջակցությունը՝ ծրագիրը պահելու և շարունակելու համար։

Ծրագիրն իրականացնելու համար տարիներ շարունակ բախվում ենք մեծ խնդիրների մինչ կարողանում ենք հայթաթել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Այս տարվա սկզբին նախատեսում էինք դասընթացը անցկացնել առցանց՝ հաշվի առնելով սուղ ֆինանսական միջոցները և կորոնավիրուսի իրավիճակը։ Սակայն, այժմ տեսնելով կորոնավիրուսի կառավարելի վիճակը և հաշվի առնելով, թե որքան կարևոր են հայ վավերագրողների համար օֆ-լայն հանդիպումները, մի փոքր դրամահավաք ենք սկսել, որպեսզի հիբրիդ դասընթաց անցկացնենք՝ մի մասը առցանց, մյուսը՝ իրական հանդիպումներով։ Վստահաբար վերջին երկու տարում բոլորն են հոգնել առցանց հանդիպումներից։

Հայ վավերագրական կինոարտադրության զարգացման համար շատ կարևոր է ամեն մեկի փոքրիկ աջակցությունն անգամ՝ այս դասընթացը հաջող անցկացնելու մեր ձգտումին հասնելու համար։ Առավել մանրամասն ֆինանսների հայթայթման մասին կարող եք տեղեկանալ այստեղ անգլերեն լեզվով՝

https://gogetfunding.com/new-wave-of-armenian-documentary-cinema-eurasiadoc-program/

Եվրասիադոկը իր տեսակը չունեցող հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար, մշակութային տեսանկյունից՝ մեր պատմությունները համաշխարհային հարթակ տանելու համար, կրթական տեսանկյունից՝ մեր կինոգործիչներին, հատկապես երիտասարդ և անփորձ հեղինակներին, եվրոպական չափանիշներին հասցնելու համար և ինչո՞ւ չէ, նաև բիզնեսի զարգացման տեսանկյունից՝ կինոարտադրության ոլորտի զարգացմանը նպաստելու և համատեղ արտադրությունների թիվը ավելացնելու համար։

Այս կարևոր և առանցքային ծրագիրը փորձում ենք ամեն գնով պահպանել ու շարունակել, քանի որ տեսնում ենք հայ վավերագրողներին և ոլորտին առհասարակ ծրագրի տված հնարավորությունները։ Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում մոտ 4 նոր ֆիլմ արտադրության ընկերություն է բացվել մասնակիցների կողմից և հաջողությամբ համատեղ արտադրություն իրականացրել Եվրոպական երկրների հետ։

Քանի որ ամեն տարի ֆինանսների հայթայթումը ավելի ու ավելի բարդանում է, կազմակերպիչները նպատակ ունեն ստեղծել մի հարթակ, որտեղ կկարողնան կենտրոնացնել հետաքրքրված մարդկանց և ֆիանանսների ներդրումով ֆոնդ ստեղծել, որով կիրականացվի ծրագիրը, ինչպես նաև զարգացման դեպքում այլ հարող ծրագրեր վավերագրական կինոն Հայաստանում զարգացնելու համար։

Եվրասիադոկի այս տարվա դասընթացի համար հայտերի ընդունումը բաց է, վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 1, 2021թ․։ Հետաքրքրվող անձինք կարող են դիմել հետևյալ հղումով՝

https://arevikavanesyan6.wixsite.com/eurasiadocarmenia21

Հարցերի կամ խնդիրների դեպքում դիմորդները կարող են գրել Եվրասիադոկի հայաստանյան ներկայացուցչին՝ Արևիկ Ավանեսյանին հետևյալ էլ-հասցեով՝ [email protected], կամ միանալ Eurasiadoc Armenia ֆեյսբուքյան խմբին նորություններին հետևելու համար։

Ծրագիրը իրականացվում է ԻՖԿԱ- Հայաստանի Անկախ Կինոգործիչների Համայնք ՀԿ-ի կողմից, «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ համագործակցությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, ինչպես նաև ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ և Դոկմոնդ կազմակերպության աջակցությամբ։

Արևիկ Ավանեսյան

Եվրասիադոկի հայաստանյան ներկայացուցիչ