«Ինչո՞ւ է թշնամին թիրախավորել և օր օրի փորձում ավելի ամուր ամրապնդվել հենց Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, պատահական է արդյոք կոնկրետ ուղղությունների ներխուժումը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ռազմական գործիչ, ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից, ով բավական ուշագրավ փակագծեր բացեց՝ փաստելով, որ թշնամու կոնկրետ ուղղություններով առաջխաղացումը ամենևին էլ պատահական չէ.
-Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ պետական սահմանին, նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ստորագրված փաստաթղթով: Այնտեղ ավելի վատ կետեր կան ամրագրված, որոնց գործընթացը դեռևս սկսված չէ: Ես սրան անդրադարձել եմ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերին: Ասել եմ, որ մենք այսպիսի խնդիր ունենալու ենք Վարդենիսում և Սյունիքում: Մտահոգություններս հնչեցրել եմ թե՛ իմ հրապարակային ելույթներում, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին հանդիպման ընթացքում: Ինձ վստահեցրել են, որ, այո, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց փաստվեց, որ մենք արդեն պաշտպանություն չունենք, մեր սահմանները բաց են, և մեր հակառակորդը անում է այն, ինչ ուզում է: Ասենք, շատ դեպքերում հակառակորդը նաև իրականացնում է պայմանավորված գործողություններ, որոնց հիմնավորումներ ևս կարելի է գտնել հիշատակված փաստաթղթում, այդ թվում՝ այն ուղղությունները, որոնցով նա մխրճվում է ՀՀ տարածք:
– Այսինքն՝ ամենևին էլ պատահական չէ՞ր թշնամու՝ կոնկրետ ուղղություններով ներխուժումը:
– Շատ ճիշտ հարց՝ պատահական չէր: Այո՛, պատահական չէր: Կոնկրետ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն այն կոմունիկացիաների հետ, որոնք հետագայում պետք է բացվեն: Իշխանասարի բարձունքն ամբողջությամբ վերահսկում է Նախիջևանի սահմանից ավտոմոբիլային ճանապարհի հատումը մինչև Ադրբեջանի հատված մտնելը: Այնպես որ, պատահական չէ, որ հենց այդ դիրքերն են իրենց վերահսկողության տակ վերցրել և վերցնում:
-Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ, մենք այնքան ներուժ չունեի՞նք, որ դիմադրեինք թշնամու առաջխաղացմանը:
-Հակառակորդը օգտվում է այն իրավիճակից, որում մենք այսօր գտնվում ենք, և տարածաշրջանային առումով իր շահերն է առաջ տանում: Հակառակորդն ունի իր առջև դրված երկու կոնկրետ խնդիր՝ կոմունիկացիաների անխափան բացումը և փախստականների վերադարձի ապահովումը:
-Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
-Մինչև թշնամին չհասկանա, որ մենք ուժեղ ենք, որ կարող են բախվել կոշտ դիմադրության, ոչինչ չի փոխվի: Իսկ այսօր թշնամին ոչ մի լուրջ դիմադրության առաջ չի կանգնում, ինչն էլ նրան թույլ է տալիս ժամ առ ժամ լկտիանալ:
-Հնարավո՞ր է, որ մի օր էլ արթնանանք ու հասկանա՞նք, որ թշնամին այլևս մայրաքաղաքի դարպասների մոտ է:
-Չեմ կարող ասել, թե Երևանին երբ կհասնեն, բայց եթե այսպես շարունակվի, համապատասխան միջոցներ չձեռնարկվեն՝ հակառակորդին դուրս շպրտելու ուղղությամբ, ապա ամեն օր, մաս-մաս, կտոր-կտոր մեր հայրենիքը հայտնվելու է թշնամու ձեռքերում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։