Դեռ չսկսված չեղարկվել են Երևան-Կապան թռիչքները. ավիափոխադրողը հետ է վերցրել իր հայտը

156
«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեիի մամուլի ծառայությունից:
Կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել իրենց՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ:
Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20–ը L410 տիպի օդանավով:
«Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությունները մեծ շուքով հայտարարում էին իրենց այս ձեռքբերման մասին, որն ինչպես տեսնում ենք դեռ չսկսված չեղարկվեց։