Դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած Սերժիկ Ամիրխանյանը կմնա կալանավորված

83

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված Սերժիկ Ամիրխանյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Սերժիկ Ամիրխանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա նրանցից 5-ին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած 5 գերիների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

Զինծառայող Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը ներկայացվել է դեռևս դեկտեմբերի 14-ին, որը մակագրվել է

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանին։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։