Դավիթը շրջափակման պատճառով Երևանում մահացած մոր մարմինը չի կարողացել տեղափոխել Արցախ

42

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ 34-ամյա Դավիթ Հարությունյանը դեկտեմբերի սկզբին մոր՝ 56-ամյա Լորետա Հովհաննիսյանի հետ բուժման նպատակով եկել էր Հայաստան և մնացել շրջափակման այս կողմում, իսկ հիմա ոչ թե չի կարողանում մոր հետ տուն վերադառնալ, այլ չի կարողանում մոր մարմինը տեղափոխել հայրենի գյուղ և հողին հանձնել․ տիկին Լորետան հունվարի 4-ին հիվանդանոցում մահացել է։

Դավիթը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ բուժման նպատակով առաջին անգամ մոր հետ Երևան էր եկել 2022 թվականի նոյեմբերի 10-ին։

«Մամային բուժման նպատակով բերել էի Երևան, որ լեղածորանը ստենդավորեին, լեղապարկն Արցախում էին հեռացրել։ Նոյեմբերի 11-ին մամային բերել ենք Միքայելյան հիվանդանոց, որ վիրահատեին՝ ստենդավորեին, ինձ ասացին՝ 40 րոպեից մինչև 1 ժամ է տևելու, բայց 5 ժամ անցել էր, ոչ մի տեղեկություն չունեի։ Հետո բժիշկն ասաց՝ շատ հնարավոր է, որ ուռուցքային պրոցես կա, լեղածորանը փակ է, չենք կարողանում ստենդ դնել։

Այնպես եղավ, որ մայրս հունվարի 1-ին վատացավ, տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, հունվարի 4-ին մահացավ․․․ Գնացի ամեն տեղ դիմեցի, որ տանեմ Արցախ, մեր ընտանեկան գերեզմանատանը հողին հանձնենք, բայց չեղավ։ Կարմիր խաչ դիմել եմ, Հայաստանում Արցախի ներկայացուցչություն դիմել եմ, օպերատիվ շտաբ դիմել եմ, ինչքան կառույց կա, բոլորին դիմել եմ, անցած կիրակի մտածում էի՝ գնամ ռուսների հետ խոսեմ, մտածել եմ, գուցե մի ձև անեմ՝ մամայի մարմինը տեղափոխեմ»։

Դավիթն ասում է՝ միայն մի ցանկություն ունի՝ խաղաղություն հաստատվի մեր երկրում, և որևէ մեկը չանցնի այն ամենի միջով, ինչի միջով ինքն է անցել ու դեռ շարունակում է անցնել: