Սյունիքի Դավիթ Բեկ համայնքում սահմանը կամավորական ջոկատներն են պահում

147

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում սահմանը կամավորական ջոկատներն են պահում։ Համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրավիճակը նորմալ է։

«Մենք սահմանում կանգնած ենք, իրենք էլ մեր դիմացն են կանգնած։ Ամենքս մեր տեղում ենք կանգնած, առաջ չեն եկել։ Որտեղ կանգնած էին նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո, նույն տեղում են»,- ասաց Պողոսյանը։

Այս պահին սահմանը պահում են «Մասիս», «Սարդարապատ» և համայնքի կամավորական ջոկատները, կանոնավոր բանակից զինծառայողներ չկան։

Նրա փոխանցմամբ՝ դեռևս չեն դիմել ՊՆ-ին, կառավարությանը՝ սպասելով, որ զինծառայողները կգան, այդպես էին մտածում, իսկ եթե կանոնավոր բանակ չմտցնեն, ապա իրենք կպաշտպանեն։

«Մենք կպաշտպանենք։ Մենք կանգնած ենք, պաշտպանում ենք, դիրքերը հաստատ չենք թողնի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է արդեն ձևավորված նախադեպերին, երբ, օրինակ Արավուսում ադրբեջանցիները փորձում էին առաջանալ, համոզել և ստիպված բնակիչներն էին բանակցում, Պողոսյանը նշեց, որ Դավիթ Բեկի սահմանում առաջխաղացման դեպքեր չեն եղել նոյեմբերի 9-ից հետո, մինչ այդ նման դեպքեր եղել են, բայց չի ստացվել։