Դադիվանքում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է

43
Դադիվանք

Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Հոգևոր սպասավորները հանգիստ իրականացնում են իրենց հոգևոր աշխատանքը։ Միայն թե մայիսից մենք ուխտավորների չենք կարողանում ընդունել, բայց սա էլ բանակցությունների փուլում է։ Այս պահին վանական համալիրում կա վեց հոգևորական՝ երեք կուսակրոն քահանա և երեք սարկավագ։ Մենք մշտապես կապի մեջ ենք իրենց հետ։ Հոգևոր սպասավորներին ուտելիքը փոխանցում ենք խաղաղապահների միջոցով։  Խաղաղապահները լիարժեք տիրապետում են իրավիճակին, մեր հոգևորականներն էլ հանգիստ իրենց աղոթական վիճակներում են»։

Մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։

«Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք, ցուցակը տալիս էինք խաղաղապահներին, խաղաղապահներն էլ մեզ ուղեկցում էին։ Մեկ ավտոբուս էր լինում՝ մոտ վաթսուն ուխտավոր կարող էր այցելել»,- նշեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդը հույս ունի, որ ուխտագնացությունները կարճ ժամանակ անց կվերականգնվեն։

«Բոլորս իդեալական լուծում կուզեինք, բայց, ցավոք, դա հնարավոր չէ։ Ես կուզեի, որ գոնե ուխտավորների մուտքն ազատ լիներ, առանց խոչընդոտների»,- հավելեց եպիսկոպոս Աբրահամյանը։