«Չայզամի անունով բնակավայր չի եղել, դա Գորիսի կազմում՝ փայտամշակման գործարանին կից ավան էր». Սեն Հովհանիսյան․ Առավոտ

3165

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ են օգտագործում Չայզամի ոչ հայերեն անվանումը եւ ասում, որ այն իբր ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի տարածքից դուրս է եղել: Այս մասին գրում է Aravot.am-ը։

ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն, լուսանկարիչ ՍԵն Հովհաննիսյանը հղում անելով խորհրդային, այդ թվում՝ ռազմական, գաղտնի գրիֆով քարտեզներին՝ հակառակն է պնդում:

«Եթե վերցնենք Չայզամիի պատմությունը, ապա պետք է նշենք, որ Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուրի գավառում գյուղ է եղել՝ Գորիսի ոստիկանական շրջանում: Այդտեղ եղել է փայտամշակման գործարանին կից ավան, որը Գորիսի շրջանի կազմում էր: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման քարտեզում, որը Դեմիրճյանի պատվերով է տպագրվել Մինսկում, Չայզամին ամբողջովին եղել է Հայաստանի տարածքում… Չայզամի կոչվող անտառամշակման ավանում ընդամենը մի քանի տուն է եղել, որտեղ բանվորներ են ապրել, դա գյուղ չի եղել: Տարածքը աշխարհագրական անվան հետ են կապում, բայց դա բնակավայր չի եղել, այլ ինչպես արդեն նշեցի՝ Գորիսի շրջանում փայտամշակման գործարանին կից փոքրիկ ավան էր: Չայզամի ասողները թող վերցնեն Հայաստանի վարչատարածքային բաժանման ցանկացած քարտեզ ու նայեն»,-ասում է ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչը:

Նա տարակուսած է. «Ես չգիտեմ, թե հիմա այդ ինչ քարտեզների են հղում անում, երբ Խորհրդային տարիների ցանկացած քարտեզում՝ թե ռազմական, թե այլ՝ դա Հայաստանի տարածքում է եղել: Ընդ որում, ոչ մի քարտեզում Չայզամի չկա նշված»:

Սեն Հովհաննիսյանը նաեւ հավելում է, որ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին՝ 1995թ Չայզամին մտել է Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի մեջ: