Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բերձորում հայ բնակչությունը պետք է ապրի. Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար

47

Նոյեմբերի 10-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու վերաբերյալ եռակողմ համաձայնության հայտարարությունը, Արցախի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բերձորում, բնակիչներն անորոշության մեջ են հայտնվել. Չգիտեն՝ թողնե՞ն Բերձորը, թե՞ ոչ, քանի որ նրանց հստակ չի ասվում՝ Բերձորը մնալո՞ւ է հայկական վերահսկողության ներքո, թե՞ ոչ։

Ըստ վերը նշված հայտարարության, մինչև դեկտեմբերի 1-ը Բերձորը պետք է հանձնվի թշնամուն՝ հայկական կողմի համար թողնելով 5 կմ լայնության ճանապարհ։

168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ այս պահին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բերձորում հայ բնակչությունը պետք է մնա և ապրի։

Հարցին՝ Արցախի նախագա՞հն է նման տեղեկատվություն տվել, թե՞ Արցախի արտգործնախարարությունը, Մուշեղ Ալավերդյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ պատասխանի, բայց պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բերձորում հայ բնակչությունը պետք է ապրի։ Այս պահին էլ Բերձորում հայ բնակչությունն է ապրում։ Այդ տեղեկատվության համաձայն՝ Բերձորը, Սոսը և Աղավնոն մնալու են հայկական։ Բայց դեռ հայտնի չէ, այդ գյուղերը մնալու են հայկական զինված ուժերի՞, թե՞ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ճիշտն ասած, ես սրա հետ կապված տեղեկատվություն չունեմ։ Գուցե լինի ռուս խաղաղապահների, կամ հայ զինվորների հոսկողության տակ, ամեն դեպքում մանրամասներին տեղյակ չեմ, կարծում եմ՝ կպատասխանեն կոմպետենտ մարդիկ»։