Բաքվում շարունակվում է մայիսի 27-ին գերեվարված Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու դատավարությունը

84

Հունվարի 10-ին Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանի վարչական շենքում կայացել է հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով դատական հերթական նիստը։

Ինչպես հայտնում է Հետքը՝ հղում անելով ադրբեջանական APA գործակալությանը, շինծու գործով դատական նիստի ժամանակ դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։

Համաձայն շինծու գործի՝ իբր թե ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության հետախուզական խմբի հրամանատար Իշխան Սարգսյանը և ինժեներ-շինարար Վլադիմիր Ռաֆայելյանը 2021 թվականի «մայիսի 27-ին ապօրինաբար հատել են սահմանը։ Նրանք Արցախի Շահումյանի շրջանում (Քելբաջարի շրջան), որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերը, ականապատել են Յուխարի Այրըմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներից մեկը»։

Շինծու դատական նիստի ժամանակ հարցաքննվել են նաև այսպես կոչված վկաները։

Շինծու գործով հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի անունները ևս մայիսի 27-ին գերեվարված անձանց ցանկում էին։