B737-300 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին

62

Ըստ իմ աղբյուրի՝ EK-FAA B737-300 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին, գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանն՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկությանը, թե փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։

Նա, մասնավորապես, գրել է․

«EK-FAA B737-300 օդանավի սեփականատերը լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։

Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղեւորվել է Տալլին`տեխնիկական սպասարկման, հետո Վառնա`նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա նույնպես տեխսպասարկման` այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից եւ իջել Թեհրան` 21/02/2021-ին։

Ըստ իմ աղբյուրի օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։

Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։

Ինչ ասեմ…մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից…

Չնայած`ինչ եմ կորցրել` ինչ եմ ման գալիս…»։