Ասում էին՝ զգո՛ւյշ, կամա՛ց քշի, հետո որ սկսեցին կրակել, ասում էին՝ արագ քշի․ 11-ամյա արցախցի Աշոտ

31

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, երբ Արցախում հրետակոծման է ենթարկվել սպայական զինավանը, 11-ամյա Աշոտը, մեքենան ինքնուրույն վարելով, Արցախից Երևան է հասցրել ընտանիքին և հարևաններին։

«Երբ երկրորդ հարվածը եղավ, տղաներին հանեցի, ասացի՝ հագնվեք, կրակում են։ Զուգահեռ զանգեցի ամուսնուս, ասաց՝ Աշոտիկին ասա, թող ավտոն քշի, շատ արագ դուրս եկեք»,- «Զինուժ մեդիա»-ին պատմել է 11-ամյա տղայի մայրը։ Այնուհետև տիկին Զմրուխտը շտապել է հարևաններին տեղեկացնել։

«Մերին էր՝ իր երեք տղաների հետ, Վերան՝ հղի, տղան էլ առաջին դասարան․․․Վախից կծկվել էին պոլին․․․Բոլորիս ամուսիններն էլ սահմանում էին։ Անուշն էլ նոր էր երեխա ունեցել, մեծն էլ մեկ տարեկան է։ Բոլորով տեղավորվեցինք ավտոյի մեջ ու շարժվեցինք»,- պատմում է տիկին Զմրուխտը։ Աշոտը ստանձնում է չորս մեծահասակներին և ինը երեխաներին հրետակոծվող զինավանից մեքենայով դուրս բերելու պատասխանատվությունը։ Ասում է՝ կանխատեսելով իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը, հայրը դեռևս երեք տարի առաջ էր տղային մեքենա վարել սովորեցրել։

Հրետակոծության ներքո Արցախից Հայաստան վարած Աշոտի խոսքերով՝ ճանապարհին թեթև վախենում էր։

«Անընդհատ ասում էին՝ զգո՛ւյշ, կամա՛ց քշի։ Հետո որ սկսեցին կրակել, ասում էին՝ արագ քշի»,- հիշում է երեխան։