Արցախն առաջարկել է ադրբեջանական նկարները փոխանակել Շուշիում մնացած կտավների դիմաց

96

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

«Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։ Սա իրենց լա՞վ է բնորոշում, չէ՞։ Հիմա փոխանցել ենք մեր առաջարկը, բայց դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ ասեմ՝ մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող և չպահպանող ժողովուրդ են», – ասաց նախարարը։

Շուշիի պատկերասրահում մնացել են մի շարք արժեքավոր կտավներ՝ ներառյալ Մարտիրոս Սարյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի գործերը։ Ղարախանյանը նշեց, որ այդ նկարների դիմաց Արցախը Բաքվի հետ «40 ադրբեջանական կտավից բացի, փոխանակելու այլ բան չունի»։

Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։