Նախնական գնահատմամբ՝ Արցախի տնտեսությունը մոտ 2 մլրդ դոլարի վնաս է կրել․ Արտակ Բեգլարյան

33

Ակնհայտ է, որ շատ լուրջ վնասներ են հասցվել ԱՀ տնտեսությանը, անզեն աչքով, տարբեր փորձագետների գնահատմամբ՝ ուղիղ վնասը մոտավորապես մինչև 2 միլիարդ դոլարի կարող է հասնել, ինչը շատ մեծ վնաս է՝ ԱՀ տարեկան ՀՆԱ-ի մի քանի անգամը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել՝ ԱՀ գործադիր իշխանությունում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։

Նա ընդգծեց, որ տվյալները նախնական են, դեռևս պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի։

«Մեր հաշվարկներով՝ ավելի քան 15 000 տուն և բնակարան է վնասվել ադրբեջանական թիրախավորման հետևանքով։ Չեմ կարող ասել՝ բռնազավթումից հետո ինչ է կատարվել, դրանք չենք հաշվում, որովհետև տեղեկություններ ու ապացույցներ ունենք, որ շատ տեղերում, օրինակ, վառել են մեր տները կամ այլ վնասներ են հասցրել։ Շուրջ 3500-4000 ենթակառուցվածքային միավոր ու հանրային նշանակության օբյեկտներ են վնասվել, ներառյալ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակույթի տներ և այլն։ Այստեղ կրկին չենք հաշվարկում իրենց ենթակայության տակ մնացած օբյեկտները։ Ավելի քան 2500 տրանսպորտային միջոց, մեքենա է լրջորեն վնասվել կամ ոչնչացվել»,-հայտարարեց Բեգլարյանը։