Արցախի Կարմիր շուկա համայնքում նոր խաղահրապարակ է բացվել

56

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի սահմանամերձ Կարմիր շուկա համայնքում նոր խաղահրապարակ է բացվել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

«Խաղահրապարակը համայնքի բնակիչների սեփական միջոցներով նախկինում էր կառուցվել։ Վերջերս «Ղողանջ» հասարակական կազմակերպության կողմից և «Սյուն» հիմնադրամի աջակցությամբ այն կահավորվել է համապատասխան գույքով։ Համայնքը 200-ից ավելի երեխա ունի։ Նրանք կկարողանան իրենց ամառային ակտիվ հանգիստն անցկացնել խաղահրապարակում, որից օգտվելու հնարավորություն ունեն նաև հարևան Թաղավարդի մանուկները»,-նշել է Ն. Աթայանը։

Նա իրազեկել է նաև, որ ԿԽՄԿ-ի կողմից վերանորոգվում է համայնքի մանկապարտեզը։

«Դեռ նոր սկսված աշխատանքներն ակտիվ են ընթանում։ Ըստ նախատեսվածի՝ պետք է ավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին։ Բայց պետք է նշեմ, որ եթե վարպետները շարունակեն նման տեմպերով աշխատել, ապա նախատեսված ժամանակից շուտ կավարտեն»,-ընդհանրացրել է համայնքապետը` հավելելով, որ մանկապարտեզը, վերանորոգման պայմանավորված, չի դադարեցրել գործունեությունը, այլ շարունակում է գործել դպրոցի շենքում։