Արցախի դատախազությունն ընթացք կտա տեղահանվածների իրավունքների խախտման դիմումներին

30

Արցախի Հանրապետության դեմ 2020թ․ սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների ու հանցավոր դեպքերի վերաբերյալ՝ դիմումների, հաղորդումների, գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից:

Համաձայն հրամանի` ստեղծված աշխատանքային խումբը զբաղվելու է նաև մամուլում տարածված կամ կապի միջոցներով ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ: Խմբի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, իսկ խումբը կղեկավարի գլխավոր դատախազի տեղակալ Նարեկ Հարությունյանը: Խմբում ներգրավված են գլխավոր դատախազության բաժինների պետեր, քաղշրջդատախազներ:

Հաղորդումների քննարկման արդյունքները և կայացված որոշումները՝ օպերատիվ կերպով կլուսաբանվեն ինչպես դատախազության պաշտոնական կայքէջում, այնպես էլ՝ զանգվածային լրատվամիջոցներով: