Քուրդ պատգամավորը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությանը վերբերող օրինագիծ

22

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել օրինագիծ, որով առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանության համար երկրի Նախագահ Ռեջեփ Էրդողանի` հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը: Ընդ որում ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Հայտնում է Ermenihaber.am-ը:

Առաջարկվող օրինագծի համաձայն` Թուրքիայի Նախագահը պաշտոնապես ներողություն պետք է խնդրի խորհրդարանի ամբիոնից:

Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում Նախագահի կողմից պետք է ընթերցվի ներողություն խնդրելու տեքստը: Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները:

Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

Պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական ջարդերի մասին: