Արարատի մարզում մանկահասակ երեխա է մահացել՝ նախնական վարկածով ընտանեկան բռնության հետևանքով։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ փետրվարի 7-ին՝ ժամը 12։50-ին «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխա՝ 2019թ ծնված։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքով կա հարուցված քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։ Ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկվել երեխայի մայրը, խորթ հայրը, որոնք հայտնել են, որ նախորդ օրը՝ փետրվարի 6-ին, երեխան պատահաբար խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ, իսկ հաջորդ օրն արդեն նկատել են, որ երեխան չի արձագանքում։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ երեխայի մայրը և տատը ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դեղահաբերը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։














