Առանց կռվի հանձնել….Շուշիի վերջին մարտերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

63

ANNA News Military յութուբյան ալիքը հրապարակել է «Ղարաբաղի արձագանք» ծրագրի հերթական բացառիկ տեսանյութը:

Տեսանյութում նշվում է, որ նոյեմբերի սկզբին հարյուրավոր պահեստազորայիններ և կամավորներ էին ժամանել առաջնագիծ. Ադրբեջանի զինված ուժերը կտրուկ մոտեցան Շուշի քաղաքին:  Կանոնավոր ստորաբաժանումները այլևս ի վիճակի չէին ինքնուրույն կանգնեցնել հակառակորդին:

Նոյեմբերի 6-ին, առավոտյան ժամը 8-ին Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հարձակումը քաղաքի ուղղությամբ: Ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն նոյեմբերի 6-ին նկարահանված տեսանյութում` շարժվելով  Շուշիի ուղղությամբ, նշում է, որ ադրբեջանցիները փորձ են անում դուրս մղել քաղաքի պաշտպաններին Շուշիից:

Տեսանյութին կից նկարագրությունում մասնավորապես նշվում է.«Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհ էին ձեռնարկում Շուշի քաղաքի վրա, և միայն նոյեմբերի 10-ին Ղարաբաղի պաշտոնատար անձինք հայտնել են, որ քաղաքը գրավվել է ադրբեջանական զինուժի կողմից: Այս ամբողջ ընթացքում մենք նկարահանում էինք Շուշիի համար մղվող մարտերը: Մի քանի անգամ մենք մահվան շեմին էինք, բայց, այնուամենայնիվ ,այս ճանապարհով գնացինք մինչև վերջ: Մեր տեսանյութում փորձեցինք փոխանցել Շուշիի և Ստեփանակերտի համար մղված մարտերի վերջին օրերի մթնոլորտը: Մենք ուզում ենք ձեզ պատմել այն մասին, թե ինչի միջով են անցել Ղարաբաղի պաշտպանները: Այս տղաները մինչև վերջ կատարել են իրենց ռազմական և քաղաքացիական պարտականությունները: Հետևաբար, այս նյութը, իհարկե, սովորական զինվորների մասին է, և ոչ թե մեծ քաղաքականության կտրուկ շրջադարձերի»:

Տեսանյութում ներկայացվում են նաև քաղաքի համար կռվող զինվորները, կամավորները:

«Մենք այժմ գտնվում ենք ծանր մարտերի վայրից 100-200 մետր հեռավորության վրա: Մեր տղաների ոգին շատ մարտական է, հաղթելու կասկածներ ընդհանրապես չկան,մենք հաղթելու ենք և մեր բարձունքը գրավելու ենք»,-ասում է Շուշիի պաշտպան զինվորներից մեկը:

Նոյեմբերի 7-ի նկարահանած կադրերում, Շուշիի մոտակայքում կանգնած հայ տանկիստն ասում է, որ ինչ-որ խումբ է մտել քաղաք:

Լսելով տանկիստին, այնուամենայնիվ, Խարչենկոն որոշում է նկարահանող խմբի հետ մտնել Շուշի, բայց ետ է դառնում` կրակի տակ ընկնելով, ինչց հետո փաստում է` Շուշին ամբողջովին հակառակորդի վերահսկողության տակ է:

Արդեն Շուշիից դուրս, Ստեփանակերտի մատույցներում հայ զինվորականներից մեկը նշում է, որ չնայած իրավիճակը բարդ է, թշնամին մոտ է, բայց «մենք կոչնչնացնենք նրանց, ինչպես մրջյունների»:

Շատ զինվորներ այդպես էլ չպատկերացրին, թե ինչ տեղի ունեցավ, երբ նոյեմբերի 10-ին հայտարարվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին: Լրագրողի հարցին առ այն, թե ինչ է տեղի ունեցել, հայ մարտիկներից մեկը հուսահատված ձայնով պատասխանում է. «Ոչինչ չգիտեմ»:

Մյուս մարտիկը հայտարարում է, որ բոլորն էլ պատրաստ են կռվելու:

Երրորդ մարտիկը նշում է, որ սա պարտության սկիզբն է. «Առանց կռվի հանձնել….Հետո կպահանջեն Սյունիքի մարզը: Դա էլ կհանձնենք, կասենք դե գոնե ողջ ենք: Հիմա էնտեղից խաչն էլ կհանեն: Դա ոչ միայն իմ խաչն է, այլ նաև ձերը (արտասվում է): Ամեն սանտիմետրն է կարևոր, յուրաքանչյուր սանտիմետրը: Մենք այստեղ դարերով, հազարամյակներով ենք ապրել: Հենց այնպես հանձնել…Ոչինչ, շուտով այս ամենը ձեր դարպասին կլինի»,-նշում է մարտիկը:

Տեսանյութի վերջին հատվածում հայ մարտիկները մարտի դաշտից դուրս էին բերում և օգնություն են ցուցաբերում ադրբեջանցի զինվորին: