Անցած շաբաթ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներ չեն իրականացվել

20

2021 թվականի մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 726 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի հետևանքով տուժել է 2 քաղաքացի, ցավոք մեկը՝ մահվան ելքով:

Նվազել են հրդեհների դեպքերը: Գրանցված 6 հրդեհներից մեկը տեղի է ունեցել բնակելի շինությունում, այրվել են պատշգամբը և այնտեղ առկա գույքը՝ մասնակի: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Նախորդ շաբաթվա համեմատ նկատվել է զենք-զինամթերքի հայտնաբերման կանչերի աճ: ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ականազերծող կազմակերպությունը շարունակում են Արցախը առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները: Պատերազմից հետո ականներից կամ այլ զինամթերքի պայթյունից միայն մեկ քաղաքացիական անձ է տուժել:

Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 212 պայթուցիչ, հակատանկային 3 և թնդանոթի 190 արկ,կասետային 49 հրթիռ, 3 հատ ավիառումբ:

911 ահազանգման կենտրոնում կենցաղային բնույթի 33 կանչ է գրանցվել: Գերակշռող են ջրամատակարարման, դռան և վերելակի բացման դեպքերը:

Զոհված զինծառայողների աճյունների որոնման ուղղությամբ անցած շաբաթ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ելք չեն կատարել:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն: