Քաղաքացիական անհայտ կորած անձինք կան․ Արտակ Բեգլարյան

14
Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ, առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք:

«Նախնական տվյալներ ունենք որոշ քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մուտք են գործել, սակայն կրկին պայմանավորված ռազմական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջանական ճշգրտված տվյալ այս պահին ներկայացնել: Ռիսկը բավականին մեծ է՝ հաշվի առնելով նաև Հադրութի դեպքը, երբ 2 քաղաքացիական անձ սպանվեց, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում: Ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ մեր տեղեկություններով՝ քաղաքացիական անհայտ կորած անձինք կան տվյալ բնակավայրերից: Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների  հիման վրա, որը կիրառվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, կրկին վտանգը բավականին մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների կամ մի շարք այլ ռազմական հանցագործությունների»,- նշեց նա: