Անգրագետներ, մեր երեխեքին տարաք գյուլլի բերանը գցեցիք, դուք փախաք, եկաք։ Այս մասին Էջմիածնի զորամասի դիմաց ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ դիմելով հրամանատար Արսեն Աբգարյանին։
Աբգարյանը նշեց, որ ինքը չի փախել, ավելին, եղել է երկու օր առաջ շրջափակման մեջ, ուղղակի հաջողվել է ողջ մնալ։
Աբգարյանը նաեւ տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունից փոխանցել են, որ երեկվանից Զանգելանում իրականացվում են որոնողական աշխատանքներ, բայց ծնողները չհավատացին։
Ծնողները կապ հաստատեցին Արցախում ռուս խաղաղապահներից մեկի հետ, որպեսզի պարզեն, թե ե՞րբ են Զանգելանում որոնողական աշխատանքներ տանելու, իրենց երեխաներին գտնելու համար։
Ռուս ներկայացուցիչն ասաց, որ համատեղ պայմանավորվածության արդյունքում այսօր որոնողական աշխատանքներ են սկսելու Հադրութի շրջանում, իսկ հաջորդիվ արդեն Ջաբրայիլում, Զանգելանում եւ Ֆիզուլիում։














