Աղավնոյում 12 տուն է շահագործման հանձնվել

78

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Աղավնո համայնքում կայացել է 12 բնակելի տների հանձնման արարողություն: Տները կառուցվել են մինչև պատերազմը, որոշներում դեռևս հարդարման աշխատանքների կարիք կա:

Կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված, Աղավնոյի բնակիչներ Արմեն Իսախանյանի և Սասուն Առաքելյանի մայրերին: Իր խոսքում Արմենի մայրը՝ տիկին Էմման նշեց, որ 1994թ. հաստատվել է Աղավնոյում և ամբողջ կյանքի ընթացքում պայքարել: Նա կոչ արեց ներկաներին լինել զգոն, շարունակել պայքարը՝ հանուն այս հողի համար թափված արյան:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ բնակարանների բաշխումը մշտապես ապրող բնակիչների միջև է կատարվել: «Այնուհետև մինչև մայիսի 28-ը ժամանակ ենք տվել, որ գյուղից հեռացածները վերադառնան: Եթե չվերադառնան, երկրորդ փուլով բաշխելու ենք նաև այն տները, որտեղ մարդ չի ապրում: Եթե չեն մնում, տունը՝ ապրողին, հողը՝ մշակողին»,- ասել է Ա. Չավուշյանը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ այս թիվը մշտապես փոխվում է, բնակիչները գալիս-գնում են:

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Մշակութային Ընկերակցության «Արցախ ֆոնդ»-ի հանձնախումբ միջոցներով ավարտվել է դպրոցի մի մասի վերանորոգումը, այժմ ընթանում են բուժկետային կենտրոնի կառուցման աշխատանքները, այնուհետև խաղահրապարակ կկառուցվի: Համայնքի ղեկավարը դրանցից զատ կարևորում է բնակիչների զբաղվածության հարցի լուծումը, որի համար ակնակալում է բոլոր հայերի աջակցությունը:

Մի քանի ամիս առաջ բնակիչները տարակուսանքի մեջ էին՝ կմնա՞ գյուղը հայկական թե ոչ: «Հայկական մնալը կապված է այստեղ ապրող հայերի հետ: Եթե մնանք ոչ մի ուժ չի կարող մեզ հանել այստեղից: Մենք ձեռքներս ծալած չենք նստի, պաշտպանելու և պաշտպանվելու իրավունք ունենք: Մեր տղաների արյամբ գծված սահմները մենք պետք է որոշենք»,-ասել է դաշնակցական գյուղապետը:

Մայիսի 9-ին՝ Եռատոնին, կայացած տների բաշխման արարողությունն էլ իր խորհուրդն ունի. «Մեզ համար «Հարսանիք լեռներում»-ը  նորից գալու է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մենք մնալու ենք այս հողի վրա և նշելու ենք այդ օրը: Իհարկե,  ոչինչ առաջվա պես չէ, վիրավորված ենք, բայց հաստատ նշելու ենք հաղթանակների օրը: Հայը իրավունք չունի գաղթական վիճակում ապրել»:

Նոր բնակարանամուտ տոնած Քնարիկ Կարապետյանը մինչ պատերազմը Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքում էր ապրում: Գյուղի հանձնումից հետո ամուսնու և երկու երեխաների հետ հաստատվել է հայրենի Աղավնոյում: «Երեխաների համար այստեղ ապագա տեսնում եմ, գյուղում դպրոց, մանկապարտեզ է գործում ու ՀՀ-ին էլ մոտիկ է»,- նշել է Քնարիկ Կարապետյանը:

2016թ. Աղավնոյում բնակվող Թամար Թիթիզյանն էլ հարազատ դարձած բնակավայրի զարգացման իր ծրագրերն ունի. «Մտադիր եմ խանութ բացել, որովհետև այստեղ չկա և մարդիկ Տեղ գյուղից են առևտուր կատարում: Առաջիկայում գյուղում նաև հաց թխելու հնարավորություն կունենանք: Կարծում եմ, բնակչությունը սրանով ավելի կքաջալերվի, մենք վախենալու, վհատվելու իրավունք չունենք»:

Նրա խոսքով՝ նախկինում մայիսի 9-ը հպարտությամբ էին նշում, հատկապես հայրենադարձությունից հետո: Բայց համոզված է, որ հետ ենք բերելու մեր հաղթանակները: Թամարի և Վարուժանի ընտանիքում առաջիկայում համալրում է լինելու՝ զույգ որդիներ են ունենալու, որոնց մտադիր են դստեր հետ մեծացնել հենց Աղավնոյում: